Չեմ ուզում հավատալ, որ «ժողովուրդը» տնտեսական, կոմունիկացիոն, ապրանքաշրջանային փոխհարաբերությունների խաբկանքը գնահատել որպես հնարավորություն


02:02 , 14 հունվար, 2021
Որևէ կերպ չեմ ուզում հավատալ, որ պարտված պատերազմի պատճառները մինչև վերջ չբացահայտած, Արցախը տանուլ տված, հազարավոր հայորդիների մահն ու կորուստը, գերեվարումն ու խեղված ճակատագրերի նկատմամբ պարտքը դեռ չընկալած «ժողովուրդը» պատրաստ է այսքան արագ իր զոհված զավակների փառքն ու պատիվը դնել մի կողմ ու դեռ երեկ նրանց սպանած ու գերեվարածների հետ տնտեսական, կոմունիկացիոն, ապրանքաշրջանային փոխհարաբերությունների խաբկանքը, գնահատել որպես հնարավորություն և անբարո ինքնախաբեությամբ փարատվել:
Որևէ կերպ չեմ ուզում հավատալ, որ մեր պոտենցիալ թշնամին հաշվարկել է նույնիսկ այդ «ժողովրդի» մի մասի (իմ քյարը, իմ փայը, իմ խերը, իմ շահը, իմ տոկոսը, ինձ ձեռք տալը, ինձ տակը ինչա մնումը), բառիս վատ իմաստով, «սուր առևտրապաշտ» բնույթը:
Ուզում եմ հավատալ, որ առաջին դեպքում սխալվելու են այդ «ժողովրդին» պերմանենտ ինքնախաբեության դոզաներ ներարկող հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունները:
Երկրորդ դեպքում էլ ուզում եմ հավատալ, որ ձախողվելու է մեր թշնամական տանդեմը, երբ բախվի ոչ թե մեր «առևտրապաշտական» շահին, այլ արժանապատիվ բնույթին և գերակայությունների գինն ու կարևորությունը ընկալողներին:
Հ.Գ. Որևէ կերպ չեմ ուզում հավատալ...