Սահմանները բացե՞լ, այսօ՞ր, ո՞ւմ համար


16:13 , 13 հունվար, 2021
Իհարկե, ինչ-որ մի օր Հայաստանի բոլոր հարևանների հետ սահմանները կբացվեն, բայց․․․
Այս օրերին ինչ-որ անիմաստ իրարանցում է սկսվել Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթգծի հեռանկարի հետ կապված:
Հայաստանի ակնհայտ տապալումը, որպես ձեռքբերում ներկայացնողները տարրական պատկերացում ունե՞ն, թե մինչ այդ ինչ քանակի և ծավալի միջազգային իրավապայմանագրային բազա պետք է ստեղծվի, որպեսզի հնարավոր լինի նման երթուղով հայկական ապրանք արտահանել, ապրանք ներմուծել Հայաստան կամ Հայաստանի տարածքով օրինական տրանզիտ ապահովել և օգտվել դրանից: Կամ պատկերացում ունե՞ն առանց Արցախի նախապատերազմյան տարածքների գոյության` Հայաստանի տնտեսական անվտանգության վրա հենց այդ նախաձեռնության արագ իրագործման ավերիչ ազդեցության մասին: Գոնե մոտավոր գաղափար ունե՞ն, թե ինչպիսի փոփոխությունների պետք է ենթարկվի Հայաստանի տնտեսական քաղաքականությունն իր ողջ սպեկտրով` ենթակառուցվածքային ու տնտեսության կառուցվածքային, ֆինանսավարկային, բանկային, ներդրումային, ՓՄՁ, հարկային ու մաքսային քաղաքականությունը, արտաքին տնտեսական քաղաքականությունը, որպեսզի այդ ամբողջն առնվազն չվնասի կամ նվազ վնաս հասցնի մեր տնտեսությանը: Շահավետության մասին խոսելն տվյալ իրավիճակում, մեղմ ասած, կատարյալ անհեթեթություն է, եթե ոչ տնտեսագիտական ինֆանտիլիզմի, քաղաքական ու տնտեսական իրողությունների մասին պատկերացումների իսպառ բացակայության կամ անտեղյակության ուղիղ ցուցիչ:
Տեղյա՞կ են, թե՞ հենց այնպես խոսում են խոսելու համար կամ հերթական տապալումը ձեռքբերում ներկայացնելու համար:
Իմիջիայլոց, նույնը վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի անհապաղ բացման ջատագովներին:
Ընդհանուր առմամբ, թրքամետ քաղաքականությունը Հայաստանի առասպելական հեռանկարներով քողարկելը, ինչպես երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը կասեր, «մեղմ ասած` վատ բան է...»: