Թրամփին անվստահության քվե հայտնելու նոր գործընթացը


10:49 , 13 հունվար, 2021

Amerikayidzayn.com-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից երկրի Կոնգրեսի շենքը գրոհելուց օրեր անց Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսականներն այժմ սկսել են Թրամփին պաշտոնից ազատելու գործընթաց:

Որպես առաջին քայլ է համարվում այն բանաձեւը, որը կոչ է անում երկրի փոխնախագահ Մայք Փենսին ու Թրամփի կառավարության անդամների մեծամասնությանը կիրառել Սահմանադրության 25-րդ փոփոխությունը, որով նախագահը համարվում է անհամատեղելի այս պաշտոնում:

‘’Իսկ եթե փոխնախագահն ու կառավարությունը չկիրառեն այս միջոցը, Կոնգրեսը կսկսի Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթաց’’, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին:

Փենսն իհարկե չի պատրաստվում դիմել այդ քայլին: Սա նշանակում է, որ նախագահին անվստահություն հայտնելու հարցով քվեարկությունը կարող է տեղի ունենալ շաբաթվա կեսին` նրան մեղադրելով Twitter- ի իր էջում կատարած գրառումներով և իր աջակիցներին հղված արտահայտությունների միջոցով ապստամբություն հրահրելու մեջ:

Հիշենք Թրամփի հետեւյալ խոսքերը. ‘’Եթե չպայքարեք խենթի պես, այլեւս չեք ունենա հայրենիք’’:

Այսօր, երբ նախագահի պաշտոնում Բայդընի երդմնակալությանը մնացել է մեկ շաբաթից միայն մի քիչ ավելի ժամանակ, դեմոկրատներն ասում են, թե աշխատում են արագացված ռեժիմով:

Ու եթե դա նրանց հաջողվի անել, Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ կդառնա իմփիչմենթի երկու անգամ ենթարկված առաջին նախագահը:

Ինչպես վերլուծաբան Փոլ Բերմանն է ասում, ‘’Գործող նախագահի կողմից ԱՄՆ-ի կառավարության դեմ ապստամբության հրահրումն ամենավատ արարքն է, որը նախագահը կարող է թույլ տալ’’: Նրա խոսքերով, կա եւս մի կարեւոր հարց այս առումով: Եթե նա ենթարկվի իմփիչմենթի ու մեղադրվի, ապագայում այլեւս երբեք չի ունենա իր թեկնածությունը դնելու իրավունք:

Որոշ հանրապետականներ եւս կարծում են, որ Թրամփը պիտի հեռանա մինչեւ նոր նախագահի պաշտոնավարումը: Ադամ Քինզինգերի խոսքերով, Թրամփն ինքը պիտի ներկայացնի հրաժարական, ինչ էլ ասում է նա, կդառնա ժողովրդի միջեւ առաջ եկած վերքերը բուժելու միջոց:

Կա կարծիք նաեւ, որ դեմոկրատներն այդ հարցը Սենատ ուղարկելու համար հավանաբար կսպասեն մի քիչ ավելի երկար, որպեսզի իմփիչմենթի հարցով դատավարությունն ընթանա Կոնգրեսի երկու պալատներում դեմոկրատների մեծամասնության պայմաններում: