Արցախից պետք է ներկրվեր էլեկտրաէներգիա, սակայն Արցախում հէկերի կորստի պատճառով դրան կփոխարինեն ՀՀ ներքին ռեսուրսները, ինչն ավելի թանկ կլինի․ փոխնախարար


11:33 , 12 հունվար, 2021

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատտ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատտ տրվածքային հզորությամբ հէկեր, պատերազմի արդյունքում մնացել են 75 մեգավատտ տրվածքային հզորությամբ հէկեր, կորուստը եղել է 112,5 մեգավատտ տրվածքային հզորություն: Այդ թվի մեջ մտնում են Սարսանգի հէկը` 50 մեգավատտ, 4 հէկեր` 12-13 մեգավատտ տրվածքային հզորությամբ և մեկ` 12-մեգավատանոց հէկ»,- ասաց Վարդանյանը:

Փոխնախարարը նշեց՝ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետությունից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, սակայն հայտնի իրադարձություններից հետո ձևավորված էներգետիկ բալանսով այդ էներգիան կփոխարինվի ՀՀ-ի ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան: