11:49 , 10 հունվար, 2021Tert.am-ը գրում է․
Tert.am–ը ներկայացնում է պրոֆեսոր Կամո Աթայանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Արցախի խնդրին՝ նշելով, որ այն պետք է լուծվի աշխարհում ընդունված հայտնի իրավական կարգավորումների շրջանակներում և ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի ու սկզբունքի տառին և ոգուն համապատասխան: Ըստ Կամո Աթայանի՝ ժամանակի հրամայականն է, որ վերջապես ունենանք և´ ազգային գաղափարախոսություն, և´ այդ գաղափարախոսության հենքի վրա կազմված զարգացման ազգային իրատեսական հայեցակարգ ու ծրագիր: Սակայն, ըստ նրա, այս ամենը թույլ, սակավամիտ, հողատու, պարտված իշխանության ղեկավարի պաշտոնավարման պայմաններում անհնար է իրագործել: Հոդվածը ներկայացնում ենք ստորև․
Հայի համար հայրենի հողի վրա ազատ, գլուխը բարձր քայլելու իրավունքը երևի ամենավեհն ու արժանապատիվն է՝ իրավունքի գիտական, իրավական սահմանումից զատ:
Մատաղ սերնդին հայրենի հողի նկատմամբ սիրո ու նվիրվածության դաստիարակումը հայերի համար արժանապատիվ երևույթ է, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Հայաստանում, Արցախում, թե Սփյուռքում:
Մենք հողապաշտ, հայրենապաշտ, ընտանիքապաշտ քրիստոնյա ազգ ենք, ու դրա պատճառները թաքնված են մեր դառը պատմության խորխորատներում…
1988 թվականին սկսված ազգային-ազատագրական պայքարը, դրա առաջին փուլը, համենայն դեպս, մեր չվավերացված հաղթանակով ավարտվեց, ու որպես արդյունք ունեցանք ինքնահռչակ, նորանկախ Արցախի Հանրապետությունը, որի ինքնորոշման բնական իրավունքը այդպես էլ աշխարհում առայսօր ոչ մի պետություն, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը, չճանաչեց: Բայց մենք մեզ լավ էինք զգում, նույնիսկ հպարտանում էինք, երբ «չուզողները» և նրանց ձայնակցողները մեզ «ագրեսոր» էին անվանում: Նվիրված հայերն, անկախ իրենց ապրելու վայրից, շատ բան էին անում Արցախի երիտասարդ պետականության ամրապնդման համար: Հաճելի էր Արցախում ապրելն, աշխատելն, արարելն ու համատեղ ուժերով հայության սահմանները պաշտպանելը:
Հաճախ էինք Երևանում և այլուր լսում ականջահաճո և սրտաբուխ այսպիսի խոսքեր. «Գնանք մի քանի օրով Արցախ, շրջագայենք, ինքնամաքրվենք, հանգստանանք, համատեղ պլաններ մշակենք… »:
Նկատելի էր, որ օր օրի աշխարհագրական սահմանները վերանում էին և հայերը Արցախը Հայաստան «մարմնի» մի մասն էին համարում: Կար համընդհանուր կարծիք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումից անմիջապես հետո իրավական ակտով միացումը կամբողջանա դե յուրե բաղադրիչով:
Ամեն ինչ կարծես բնական հունով էր ընթանում, ամենօրյա ուշադրության կենտրոնում էր Հայոց բանակը՝ հայկական եռամիասնության սրբության սրբոցը, այս Արևի տակ մեր լինելիության հիմնական երաշխավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։