00:45 , 10 հունվար, 2021Panorama.am-ը գրում է․
Սոցցանցերում տեղեկատվական պատերազմը շարունակվում է։ Այս անգամ ադրբեջանցի հաքերները գործի են գցել «Support-Massenger» ծրագիրը, որը, մասնագետների խոսքով, հերթական ծուղակն է, իբր «Messenger»-ի նոր թարմացումներից օգտվելու համար։
«Հուլիսյան առաջին մարտական գործողություններից հետո ակտիվացան էս պրոցեսներն ու սկսվեց սոց. ցանցերի ակտիվ կիրառությունը: Սկզբում ունեցանք Tavush Bot, Lala aghjik, Kardashian Bot, հիմա էլ Support-Massenger սոցիալական կոմունիկացիաները, որոնք բոլորը հատուկ գովազդային ակտիվությամբ տարածվում էին։ Բոլորի դեպքում նպատակը վախեցնելն էր, ուղղակի առաջին մի քանիսի բացահայտվելուց հետո ոճը մի թեթև փոխեցին ու, ըստ երևույթին, ստացվեց այն, ինչ ստացվեց»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց թվային մարքեթինգի մասնագետ Ինեսսա Արշակյանը։
Ըստ մասնագետի, «Support-massanger» ֆեյսբուքյան էջին միացված գովազդի արդյունքում մարդիկ լրացնում են իրենց էլ. փոստը կամ հեռախոսահամարն ու գաղտնաբառը, ինչի արդյունքում թշնամու ձեռքին են հայտնվում մուտքի տվյալներն ու առաջին իսկ հնարավորության դեպքում հայկական էջերի անունից կարող է տարածվել խուճապ կամ միմյանց նկատմամբ ատելության քարոզող կոմունիկացիաներ։
«Մինչ էս եղած դեպքերում կամ սուտ լուրեր էին տարածվում ՀՀ-ում ու ԱՀ-ում կատարվողի վերաբերյալ, կամ տարօրինակ նամակներ էին ուղարկվում՝ էլի խուճապ տարածող։ Արվում էին տարբեր հրապարակումներ ֆբ խմբերում, օրինակ՝ հոկտեմբեր ամսին դեպքեր կային, որ գրում էին, թե այսինչ հայկական բանկը սնանկանում է, գումարը հանեք, կամ հայաստանցի-արցախցի պրովոկացիաներ էին արվում»,- նշեց Ինեսսա Արշակյանը։
Նրա խոսքով, նմանատիպ ծուղակներից զերծ մնալու համար առաջինը հարկավոր կլինի զգուշանալ ու պատրաստ լինել նրան, որ մատուցվող ցանկացած տեղեկատվություն պետք է ստուգել. ադրբեջանցիների ձեռագիրը հասկանալու համար պետք է ուշադրություն դարձնել ուղղագրությանն ու շարադասությանը, որն ակնհայտ տարբերվում է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ