ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել հոգեկան հիվանդ հանցագործին՝ չնայած բժիշկների բողոքներին


09:34 , 6 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ իշխանությունները երեքշաբթի գիշերը մահապատժի են ենթարկել Ջոն Ֆերգյուսոնին, որը դատապարտվել էր 1977-1978թթ. ութ մարդու սպանության համար: Հոգեբույժները մարդասպանի մոտ ախտորոշել են «պարանոյիդ շիզոֆրենիա» և դեմ էին մահապատժի իրականացմանը՝ հաղորդում է France Press-ը: 

Ֆերգյուսոնը մեղավոր է ճանաչվել 1977թ.-ին թմրանյութերի հետ կապված վեճի ժամանակ վեց մարդու, ինչպես նաև մեկ տարի անց երկու դեռահասների սպանության համար: 

Ըստ գործակալության տեղեկատվության՝ Ֆերգյուսոնի դատավճիռը իրականացվել է մահաբեր ներարկման միջոցով: Իր վերջին խոսքում հանցագործը նշել է, որ ինքը «աստվածային արքայազն» է:

Պաշտպանական կողմը բազմիցս դատարան է դիմել Ֆերգյուսոնին անմեղսունակ ճանաչելու համար, սակայն մերժվել են բոլոր բողոքարկումները: