Եվրոպան գտնվում է համաճարակի ամենաարագ տարածման փուլում


10:44 , 8 հունվար, 2021

Amerikayidzayn.com-ը գրում է․

Եվրոպան գտնվում է կովիդ 19 հիվանդության վարակի ամենաարագ տարածման փուլում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Եվրոպայում գրանցվել է կովիդ հիվանդության ավելի քան 26 միլիոն դեպք: Այս հիվանդությունից այստեղ մահացել է ավելի քան 580 հազար մարդ: Եվ չնայած մի շարք երկրներում իրականացվող խիստ միջոցառումներին, հիվանդության տարածման արագությունը շարունակում է աճել:

Չնայած մեծ հուսեր կան` կապված պատվաստանյութերի կիրառության հետ, վարակի նոր մարտահրավերները դարձել են մեծ մտահոգության պատճառ: Ինչպես կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներն են ասում, կովիդ հիվանդության վիրուսը ենթարկվել է փոփոխության: Վիրուսների տարածման դեպքում նրանց մուտացիան անսովոր երեւույթ չէ, սակայն այն փաստը, որ վիրուսի նոր տարատեսակը տարածվում է շատ ավելի մեծ արագությամբ, շատ է մտահոգում բժշկական աշխարհին:

Միայն Եվրոպայում արդեն 22 երկրներում է հայտնաբերվել նոր տարատեսակը: Այն վարակում է տարիքային բոլոր խմբերին, սակայն լավն այն է, որ այս տարատեսակը նույնպես երեխաների համար մեծ վտանգ չի ներկայացնում:

Ինչպես գիտնականներն են ասում, կան խոստումնալից վկայություններ, որ արդեն պատրաստ պատվաստանյութերը կօգնեն նաեւ այս տեսակի դեմ պայքարում: Սակայն փորձերն այժմ շարունակվում են եւ վերջնական եզրակացություն կկատարվի ավելի ուշ:

Գիտնականները հույս ունեն, որ պատվաստանյութերը մարդկանց ամենախոցելի շերտին կպաշտպանեն հիվանդության ամենածանր տեսակներից եւ հիվանդանոցներում մահանալուց:

Փոքր չէ հույսը, որ պատվաստանյութերը շուտով կդնեն այս համաճարակի վերջակետը: