Սիրիայի քաղաքներից մեկի շուկայում պայթյուն է որոտացել․ կան զոհեր ու վիրավորներ


19:51 , 2 հունվար, 2021
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկե նահանգի Ռաս ալ-Այն քաղաքի շուկայում ահաբեկիչները պայթեցրել են ականապատ մեքենա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝  սիրական լրատվամիջոցներին հղումով:

Նշվում է՝ ահաբեկչության հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները տեղափոխում են տուժածներին:

Ռաս ալ-Այնը գտնվում է թուրքական զորքերի, ինչպես նաև պաշտոնական Անկարայի կողմից աջակցվող սիրիական զինված ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ հայտնված տարածքի սահմանին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր Հասեկե նահանգի համանուն վարչական կենտրոնում պայթյունի մասին: Այս դեպքում ահաբեկիչը նռնակ էր նետել շուկայի հրապարակում գտնվող աշխատողների վրա, որի հետևանքով առնվազն 20 մարդ տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ էր ստացել: