ԱՄՆ ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը մահացել է 80 տարեկան հասակում


10:05 , 31 դեկտեմբեր, 2020

ԱՄՆ ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը՝ Սեմյուել Լիթլը, մահացել է անազատության մեջ 80 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կալիֆոռնիայի քրեակատարողական վարչությունը:

Լիթլը սրտի հետ կապված խնդիրներ և շաքարախտ ուներ: Ինչպես հայտնում է Associated Press-ը, հղում տալով քրեակատարողական վարչության ներկայացուցչին, նրա մահվան մեջ ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել:

Նշենք, որ Լիթլը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ երեք սպանություն իրագործելու համար: Սերիական մարդասպանն իր հաշվին ունի մոտ 60 հաստատված սպանություն: Եվ չնայած ինքը խոստովանել է 90 սպանություն, այնուամենայնիվ տարբեր պատճառներով չի դատապարտվել դրանց համար: Այս տարիների ընթացքում նա հերքում էր իր մասնակցությունն այդ սպանություններին, բայց 2018-ին խոստովանեց  մասնավոր հարցազրույցներում: