Համաճարակի ընթացքում ՄԱԿ-ի գլոբալ զինադադարի կոչը չգտավ արձագանք


10:45 , 30 դեկտեմբեր, 2020

Amerikayidzayn.com-ը գրում է․

Զինված բախումները շարունակվում են, և, ըստ փորձագետների, խնդիրներն ավելի են խորանում

Երբ համաճարակը սկսեց տարածվել աշխարհում 2020 թ-ի սկզբին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ արեց հաստատել գլոբալ հրադադար՝ նշելով, որ աշխարհը պետք է կենտրոնանա կորոնավիրուսի դեմ «իրական պայքարի» վրա:

Մոտ 200 երկիր և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պաշտպանեցին այդ կոչը: Սակայն այն լուրջ ու իրական արձագանք չգտավ:

Հակամարտությունները շարունակում էին մոլեգնել ողջ աշխարհում:

Միջազգային փրկարարական կոմիտեի ղեկավար Դեյվիդ Միլիբենդը դեկտեմբերին դժգոհել էր, որ խոշոր տերությունները բավականաչափ ջանք չեն գործադրել խաղաղ պայմանագրեր և համաձայնություններ հաստատելու համար:

«Աշխարհը շարունակում է երես թեքել, քանի որ մենք ապրում ենք անպատժելիության դարաշրջանում, երբ կառավարությունները, բռնապետերը, գեներալներն ու աշխարհազորայիններն անտեսում են պատերազմի օրենքները ՝ իմանալով, որ նրանք երբեք պատասխանատվություն չեն կրելու իրենց խախտումների համար», - նշում է նա:

Հակամարտությունների ցանկը տխուր պատկեր է արձանագրում այս առումով: Կովկասում բռնկվեց լայնածավալ պատերազմ, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ սկսեց հարձջակում Լեռնային Ղարաբաղում:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի և Եմենում հութի ապստամբների պատերազմը, որը սկսվել է 2015 թ.-ին, շարունակվել է ողջ 2020 թ. ընթացքում: Սեպտեմբերից երկու կողմերն էլ ակտիվացրել են ռազմական գործողությունները:

Ուկրաինական Դոնբասում Ռուսաստանի կողմից աջակցվող անջատողականների դեմ զինված բախումների ընթացքում, որոնք սկսվել էին 2014 թ-ի Մայդանից հետո, 29 անգամ կնքվել են հրադադարի պայմանագրեր: Հարձակումների քանակը նվազել է, բայց հակամարտության կարգավորումը տեսանելի չէ:

2020 թվականի նոյեմբերին Եթովպիայի Թիգրայի շրջանում մարտեր սկսվեցին Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի և եթովպա-էրիթրեական պաշտպանության ուժերի դաշինքի միջև:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականին տեղի են ունեցել չորս խոշոր ընդհարումներ, որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 10 հազար մարդ: Նույն թվով զոհեր են արձանագրվել ընթացիկ 14 հակամարտություններում, ներառյալ քաղաքացիական պատերազմներն ու խռովություններն անցնող տարվա ընթացքում:

Գրանցվել են նաև 22, այսպես կոչված փոքր բախումներ, այդ թվում ՝ թմրանյութերի շուրջ պատերազմները, որոնց արդյունքում զոհվել է ավելի քան հազար մարդ:

Վերլուծաբաններն ասում են, որ պատերազմներն է՛լ ավելի են բարդացել, և այդ միտումը անցյալ տարվա ընթացքում խորացել է:

Ըստ Փրկարարների միջազգային կոմիտեի՝ ժամանակակից հակամարտությունների մեկ հինգերորդում ներգրավված են ավելի քան 10 խաղացողներ, իսկ երկու երրորդում՝ առնվազն երեք կողմ:

Մարդասիրական կառույցները պնդում են, որ որքան բարդանում են պատերազմները, այնքան դժվարանում է մարդասիրական օգնության տրամադրումը, ինչը բացասաբար է անդրադառնում խաղաղ ազգաբնակչության վրա: