Ռեզայի. Իսրայելի հետ երկրների հարաբերությունների կարգավորումը մեծ սխալ է


13:52 , 29 դեկտեմբեր, 2020

Pars Today-ը գրում է․

Իրանի համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի քարտուղարն ասել է.«Իսրայելի գլխին այնպիսի փորձանք ենք բերելու, որ արաբական երկրները հասկանան, թե ինչ մեծ սխալ են գործել Իսրայելի հետ նորմալ հարաբերություններ հաստատելով»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալ-Մենար հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Իրանի բարձրաստիճան այրերի, այդ թվում՝ նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և նահատակ գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանն ԻԻՀ պատասխանի մասին Մոհսեն Ռեզային ասել է. «Նոր պատերազմ է սկսվել մեր և թշնամիների միջև և այդ պատերազմը շարունակվում է»:

Նշելով, որ Իրաքում ԱՄՆ-ի Այն Ալ-Ասադ ռազմաբազայի դեմ Իրանի հարձակումը ևս  խիզախ ու ծանր հարված էր ԱՄՆ-ին, Իրանի համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի քարտուղարն ասել է.«Մենք կարող էինք ավելի խիստ  պատժել ԱՄՆ-ին և Իսրայելին»:

Նշելով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը քայլեր են ձեռնարկում Իրանն անապահով դարձնելու և տնտեսական պատերազմ հրահրելու ուղղությամբ, Ռեզային ասել է.«Բնական է, որ այս պատերազմում մենք նահատակներ ունենանք և մեր դեմ ճնշում գործադրվի, սակայն պատերազմը դեռ չի ավարտվել»: