20:30 , 29 դեկտեմբեր, 2020Կանադայի հյուսիսում հայտնաբերել են իգական սեռի գայլի լավպահպանված մումիա, որն ապրել է 56 հազար տարի առաջ։ Կենդանու մնացորդները գտել է ոսկի որոնող մի անձ 2016 թ. Յուկոնում։ Նա հաջողել է կոտրել հավերժական սառույցը և դրանում ինչ-որ առարկա է նկատել, որը հնագույն մումիա է հիշեցրել։ Ոսկի որոնողը գտածոն տեղավորել է սառցարանում և դրա մասին հայտնել հնագետներին։
Գտածոն անվանել են Ժուր, ինչը հնագույն հնդկական Տշոնդեկ-Խվեչին համայնքի բնիկների լեզվից թարգմանաբար նշանակում է գայլ։
Ըստ գիտնականների՝ սա գայլի երբևէ լավագույնս պահպանված մումիան է, որի վրա ամբողջական են մորթին ու ատամները։ «Այն, ըստ էության, պահպանվել է 100%-ով. չի պահպանվել միայն մեկ ատամը», - հարցազրույցի ընթացքում նշել է հնագետ Ջուլի Միչենը։

Գիտնականներին հաջողվել է պարզել գայլի տարիքը և նրա սննդակարգը, որը ներառել է ձուկ, ինչպես նաև պարզվել է կենդանու մահվան հավանական պատճառը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել էն Current Biology journal գիտական ամսագրում։
ԴՆԹ և ատամի էմալի հետազոտություններից հետո գիտնականները եզրակացրել են, որ գայլը մահացել է մոտ 56-57 հազար տարի առաջ։ Ռենտգենյան լուսանկարները ցույց են տվել, որ մահվան պահին կենդանին 6-8 շաբաթական է եղել։
Գիտական աշխատանքում նշվում է, որ Յուկոնում և հարևան Ալյասկայում գայլերի բրածոներ բավականին հաճախ են հանդիպում, սակայն մումիաներ, ի տարբերություն Սիբիրի, ոչ այնքան։

«Մենք կարծում ենք, որ նա եղել է իր որջում և մահացել է այն պատճառով, որ որջը փլվել է։ Համաձայն մեր տվյալների՝ նա քաղցած չի եղել, և դա մեր հոգուն մեծ հանգստություն է պատճառել, քանի որ փոքրիկ կենդանին երկար չի տանջվել», - ասել է Միչենը։
Ժուրն ապրել է այն ժամանակաշրջանում, երբ հսկայական արկտիկակա սառույցները հալչում էին, և նրանց փոխարեն անտառներ էին աճում։ Դա ուղտերի, մոխրագույն գայլերի, հսկա կրծողների դարաշրջան էր։
«Շնորհիվ այն բանի, որ կենդանին հրաշալիորեն պահպանվել է, մենք այժմ յուրօրինակ հնարավորություն ունենք նրա միջոցով սառցե դարաշրջանն առավել մանրամասնորեն ուսումնասիրելու», - նշել է գիտնականներից մեկը։