«Մանդատը չեմ դնում, համարեք` հուզականության ֆոնի տակ եմ գրել». Լուսինե Բադալյան


15:33 , 28 դեկտեմբեր, 2020

Մանդատը վայր դնելու իմ որոշումը փոխել եմ: Մանդատը չեմ դնում, համարեք՝ հուզականության ֆոնի տակ եմ գրել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր մանդատը վայր դնելու մասին։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված մանդատը վայր չդնելը, եւ ինչո՞վ է զբաղված իշխանությունը Լուսինե Բադալյանը պատասխանեց, որ կիսատ թողած օրինագծեր կան, որոնք պետք է ավարտին հասցվեն:

«Իսկ իշխանությունն ինչով որ զբաղված է, ժամանակ առ ժամանակ տեղեկացնում է: Իմ գործընկերները զբաղվում են գերիների վերադարձի հարցով, անհետ կորածներին գտնելու հարցով»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե արդյո՞ք Բադալյանը Նիկոլ Փաշինյանի գործողությունների մեջ դավաճանություն տեսնում է, վերջինս պատասխանեց, որ փաստերը պետք է քննվեն համապատասխան մարմինների կողմից, եթե կլինի դավաճանություն, ապա նա օրենքի ողջ խստությամբ կպատժվի:

Լրագրողի դիտարկմանը, որ միայն Փաշինյանի հրաժարականի դեպքում կարող է առանց կաշկանդվելու քննություն իրականացվել, Բադալյանն ասաց. «Կարծում եմ՝ որեւիցե մեկն իրավունք չունի կաշկանդելու համապատասխան մարմիններին, որոնք պիտի քննեն դավաճանության փաստը»։

Հարցին՝ իշխանությունն ինչո՞ւ է ուզում փոխել դատական իշխանությունը, պատգամավորն ասաց. «Կարծում եմ՝ դատական իշխանությունն այսօր էլ իր գործունեությամբ ապացուցում է, որ որեւիցե ճնշում իշխանության կողմից չկա»։

Հարցին, ըստ իրեն, ինչո՞ւ են քաղաքացիները պահանջում իրենց հրաժարականը, Բադալյանն ասաց. «Նորմալ է, ՀՀ ցանկացած մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու»։