ՀՀ անվտանգության խորհրդի պարզաբանումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի վերաբերյալ


20:21 , 27 դեկտեմբեր, 2020
ՀՀ անվտանգության խորհուրդն անդրադարձել է խորհրդի քարտուղար 2020թ. սեպտեմբերի 1-ին Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հասցեագրած նամակին, որը երեկ հրապարակել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Անվտանգության խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է, որ այդ փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է և վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին:

ԱԽ հայտարարությունում պարզաբանվում է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Նաև նշվում է, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով:

«Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Շտաբային վարժանքի արդյունքներով ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել է միջոցառման մասին պատմող նյութ, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով»,- ասվում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հայտարարությունում: