«Ամենայն հայոց հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագն անցկացնել խաղաղ մթնոլորտում». Մայր Աթոռը՝ եկեղեցու դեմ արշավի մասին


12:56 , 26 դեկտեմբեր, 2020

Վերջին օրերին Հայոց եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:

Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար: