14:28 , 5 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ամռան շոգը վնասակար է բոլոր խրոնիկ հիվանդությունների, սրտի իշեմիկ հիվանդությունների, հիպերտոնիայի, ալերգիայի, ինչպես նաև մաշկային հիվանդությունների համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ին ասաց սպորտային բժիշկ, լոգոպետ Կարինա Խաչատրյանը:
Ալերգիկներին բժշկուհին խորհուրդ է տալիս ամռանը հատկապես հետևել սննդակարգին: Պետք է խուսափել տաք ուտեստներից, թեթև սնունդ օգտագործել՝ բանջարեղենային, խուսափել տապակած մթերքներից, միսն օգտագործել քիչ քանակությամբ՝ շոգեխաշած վիճակում, նախընտրությունը տալ միրգ-բանջարեղենին:
«Իշեմիկ հիվանդներին խորհուրդ է տրվում առողջարաններ գնալ, այնտեղ տարբեր տեսակի բժշկական միջոցառումներ են արվում, միշտ լինում են բժշկի հսկողության տակ, ստանում են ֆիզիոթերապևտիկ բուժում, արևային լոգանքներ և այլն»,- նշեց բժշկուհին:
Նա խորհուրդ տվեց նաև պաշտպանվել գլխարկի միջոցով, ով չի սիրում գլխարկ, գոնե հովանոց վերցնի, կրի բաց գույնի հագուստ, ցանկալի է՝ սպիտակ:
Կարինա Խաչատրյանը նշեց, որ արևն ունի նաև օգտակար հատկություններ: Կան տարբեր ոսկրային հիվանդություններ՝ արթրիտներ, արթրոզներ, օսթրոպարոզներ, օսթրոխոնդրիոզներ, որոնց դեպքում օգտակար են արևային վաննաները, իհարկե 15 րոպեից ոչ ավել: