Կաթոլիկ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը


03:11 , 25 դեկտեմբեր, 2020

Կաթոլիկ եկեղեցին դեկտեմբերի 25-ին նշում է քրիստոնեական տոնացույցի կենտրոնական տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը:

Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը: Հեթանոսական ավանդույթները դուրս մղելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածհայտնության, Մկրտության օր:

Դեկտեմբերի 25-ին Սուրբ Ծնունդը նշում են կաթոլիկները, բողոքականները, Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքոսի, Ռումինիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Էլլադայի, Ալբանիայի և Ամերիկայի ուղղափառ եկեղեցիները, քանի որ հետևում են գրիգորյան և նոր-հուլիական օրացույցներին: 

Ռուս, սերբ, լեհ, վրաց ուղղափառ եկեղեցիները, Երուսաղեմի ուղղափառները Սուրբ Ծնունդը նշում են հունվարի 7-ին:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը նշում է հունվարի 6-ին: