«Մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված». Նիկոլ Փաշինյան


12:10 , 24 դեկտեմբեր, 2020

Այսօր կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերին, ասաց, որ այսօր առավոտվա տվյալներով երեք օրվա մեջ ունեցել ենք կորոնավիրուսի 702 դեպք: «Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը սպասում է բուժօգնության: Մենք սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել բնականոն գործունեությանը, այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կանոնները պահպանել»,- ասաց նա:

Նաև նշեց, որ հիմա մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք                է գործադրել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մեծ մասը քաղաքականացված էր, որ մեզ ի ցույց էին դնում այլ օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումն  իրականություն դարձավ, որ երկրները լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակացույցի հարց է»,- ասաց նա:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ում մահացության տոկոսը շատ ցածր է՝ մեկ ու կես տոկոսի շրջանակում է տատանվում, իսկ մեզանից շատ ավելի զարգացած երկրներում այդ թիվը տատանվել է մինչև տասը տոկոսի շրջանակում:

«Նույնիսկ վատ ժամանակներում երկու տոկոսից չի անցել մեզ մոտ մահացության ցուցանիշը»,- ասաց նա: