Ժամանակավոր կառավարությունը ոչ թե պատերազմ է սկսելու, այլ արժանապատիվ բանակցությունների միջոցով վերականգնելու է մեր արժանապատվությունը. Արծվիկ Մինասյան


20:26 , 22 դեկտեմբեր, 2020

Այսօր զինվորի ծնողը սպասում է, թե երբ է գալու վրեժի ժամանակը, մենք ժամանակ չունենք սպասելու, որովհետև մեզ սպասում է շատ ավելի մեծ փորձություն, մեզ սպասում է հայոց պետականության կորստի փորձությունը: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ բոլոր այն մարդիկ, որոնք զգում են այս վտանգը, պետք է գան ու միավորվեն ազգի այս նվիրյալներին, որոնք այս ցուրտ օրը կանգնել են և պահանջում են արժանապատվություն: «Այդ արժանապատվությունը այսօր պահանջում է ընդամենը 2 կարևոր գործողություն՝ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռացում, և արժանապատվությունը վերականգնող ժամանակավոր կառավարության ձևավորում»,- հայտարարեց նա:

Ըստ Մինասյանի՝ Փաշինյանի ապատեղեկատվությունը նրանում է, թե տեսեք, 2018 թվականին դուք մեզ բերեցիք իշխանության, իսկ այս մարդիկ ուզում են խլել ձեզնից իշխանությունը: «Դա սուտ և կեղծ թեզ է: Հայրենիքը դավաճանած, 5000-ից ավելի զոհ տված, 10 հազարից ավելի հաշմանդամ դարձրած, հարյուր հազարավոր տնավեր ընտանիքներն այսօր սպասում են վրեժի՝ հանդեպ թուրքի, բայց սա չի նշանակում, որ ժամանակավոր կառավարությունը եկավ ու պատերազմ է լինելու, մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը արժանապատիվ բանակցությունների միջոցով»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ սահմաններին՝ նա նշեց, որ ՀՀ պետական սահմանը պետք է հիմնված լինի միջազգային պայմանագրի վրա, այսօր ոչ մի միջազգային պայմանագիր չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև, հետևաբար, այն, ինչ ուզում է անել Նիկոլ Փաշինյանը և փորձում է հիմնավորել, ոչ միայն օրինական չէ, այլ քրեական հանցագործություն է, որը ներկայացված է դատախազություն: