«Այս մեծ աղմուկի տակ հրեշավոր պլաններ կան, նա ցանկանում է Ադրբեջանին հանձնել այն, ինչ կարող է». Արփինե Հովհաննիսյան


13:25 , 22 դեկտեմբեր, 2020

2010 թվականին փոփոխություններ են եղել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում։ Ի՞նչ նպատակով են այդ փոփոխությունները տեղի ունեցել եւ որքանո՞վ է դա փոխկապակցված Սյունիքում տեղի ունեցողի հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ընդդիմության բողոքի երթի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ՀՀ ներկա սահմանները ֆիքսող օրենքն ընդունվել է դեռեւս 2010 թվականին: 

Նրա խոսքով դա ընդհանրապես փոխկապակցված չէր Սյունիքում տեղի ունեցողի հետ. «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ ստում է ու մանիպուլյացիա անում։ Բանն այն է, որ 1995 թվականին ընդունվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, 2010 թվականին կատարվել են փոփոխություններ՝ ճշգրտելու այդ համայնքների ներքին շրջանակները, կամ գույքահարկը որ համայնքին պետք է վճարվի։

Վարչապետի կողմից իր էջին տեղադրված սքրինշոթերը 2010 թվականի կատարված փոփոխություններից էին, որոնք ուժը կորցրել են 2017 թվականին՝ համայնքների խոշորացմամբ պայմանավորված։ Այդ օրենքն ունի բացառապես ներքին սպառման նշանակություն։

Այդ օրենքը նրա համար է, որ, օրինակ, եթե կատարվում է հանցագործություն որեւէ համայնքում, դու իմանաս՝ որ համայնքի վարչատարածքային բաժանման մեջ է մտնում, որ, օրինակ, որոշես՝ որ համայնքի, որ մարզի ոստիկանությունը, Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը պետք է դրանով զբաղվի։

2010 թվականին փոփոխություններ են եղել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքում»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ վարչատարածքային բաժանման օրենքն առհասարակ կապ չունի միջպետական տարածքային բաժանումների հետ, այլապես մենք կարող ենք այդ օրենքում փոփոխություններ կատարել եւ գրել՝ Շուռնուխը սահմանակցում է Մեծ Բրիտանիային, Սինգապուրին, Վիետնամին. «Ու ի՞նչ, ստացվեց որ Վիետնամի ու Հայաստանի միջեւ տեղի ունեցավ վարչատարածքային բաժանո՞ւմ։ Իհարկե ոչ։

Միջազգային իրավունքում պետություններն իրար սահման ճանաչում են միջազգային փաստաթղթով, որը ձեւավորվում է 2 կողմերի միջեւ ձեւավորված հանձնաժողովների եւ քարտեզագետների կատարած աշխատանքների հիման վրա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չի կատարվել նման սահմամագծում։ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կատարել դեմարկացիա եւ դելիմիտացիա։ Այսինքն՝ սահմանագծում եւ սահմանազատում չի անցկացվել, Հայաստանն Ադրբեջանի սահմանները չի ճանաչել, Ադրբեջանն էլ՝ Հայաստանինը»,- ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իրականացնում է այն, ինչ չի արվել 30 տարվա ընթացքում. «Նա կատարում է դավաճանական հերթական գործողությունը, որովհետեւ նա մեր տարածքները հանձնում է՝ հիմք ընդունելով Խորհրդային Սովետական Ադրբեջանի քարտեզը, իսկ Ալիեւի Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ։ Իրենք իրենց սահմանադրությամբ, հռչակագրով իրենց հռչակել են Մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը, ոչ թե Խորհրդային Ադրբեջանի։ Այսինքն՝ այս ամենն իրավաբանորեն կապ չունի այս Ադրբեջանի հետ։ Հիմա ինձ կբացատրե՞ք՝ հասկանամ՝ ինչո՞ւ են Խորհրդային Ադրբեջանի քարտեզի հիման վրա հակահայկական որոշումներ կայացվում:

Միջազգային սահմանները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ճանաչվում են միայն միջազգային փաստաթղթերով, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չի կարող ցույց տալ որեւէ փաստաթուղթ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվել է սահմանագծում։ Նա ստում է։

Այդպիսի սահմանագծում երբեք անցկացված չի եղել։ Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանն այսօր էլ չունեն սահմանագծում։ Կարծում եմ, որ այս մեծ աղմուկի տակ հրեշավոր պլաններ կան, ցանկանում է իրականում Ադրբեջանին հանձնել այն, ինչ կարող է, այն, ինչ Ալիեւը իրենից ուզում է, հետո մի հատ էլ ճանաչի՝ ինքն է պաշտոնապես ճանաչելու Ադրբեջանի սահմաններն ու հեռանա»։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ալիեւը Սեւանն է պահանջում, նաեւ Երեւանն է պահանջում, չի բացառում, որ կան այլ պայմանավորվածություններ։

Ըստ նրա ՝ ՊՆ-ն եւ այլ գերատեսչությունները գաղտնի բանակցություններ են վարում: