Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ժողովուրդն իրեն չի վստահում․ երեկ Սյունիք կատարած նրա այցն ու փախուստը դրա վառ օրինակն է․ քաղաքացի (Video)


12:56 , 22 դեկտեմբեր, 2020

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ժողովուրդն իրեն չի վստահում շատ վաղուց, իսկ երեկ Սյունիք նրա կատարած այցն ու փախուստը վառ օրինակն է, որ ժողովուրդն իրեն չի վստահում։ Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը։

Նա նշեց՝ հանրապետությունը շատ երկար ժամանակ վարչապետ չունի, կառավարություն չունի։

«Հայրենիքի դավաճանը չի կարող լինել երկրի ղեկավար, հայրենիքը դավաճանած կառավարությունը չի կարող լինել երկրի կառավարություն, այնպես որ ամենաճիշտն այն է, որ Փաշինյանն իր կամքով հրաժարական տա։ Հայ ազգն այստեղ է, թող բարի լինի, առանց ցնցումների իշխանափոխություն կատարվի»,- նշեց նա։

Հարցին՝ եթե Փաշինյանը հրաժարական չտա, հասարակությունը պատրաստ կլինի՞ նաև երկարատև պայքարի, քաղաքացին պատասխանեց, թե այսուհետ տուն չեն գնալու։

«Երկարատև, գիշերուզօր պայքար է լինելու, մինչև հասնենք մեր նպատակին։ Դա անհույս չէ, առաջնային է և կլինի։ Մեր ազգը պարտվող չէ, մեզ դավաճանել են, նա իրավունք չունի մի րոպե ավել նստելու այնտեղ, որտեղից հիմա երևի նայում է ու զարմանում, որ ազգն է ոտքի, ոչ թե ժողովուրդը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ Այսօր տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։