10:53 , 5 օգոստոս, 2013
Ժողովուրդ, սենց մտածում-մտածում եմ էս վճարովի կայանատեղիների մասին ու գնալով ավելի ու ավելի հստակ եմ հասկանում երկու բան՝ կապված էս վճարովի կայանատեղիների գլուխգործոցի հետ:
Ուրեմն, որքան էլ դաժան հնչի, բայց ես էդ որոշման դեմ արդյունավետ պայքարելու ոչ մի տարբերակ չեմ տեսնում ու բացատրեմ ինչու:
Ի տարբերություն հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարի` այս դեպքում պայքարողները իրենց նեղություն տվողի/տվողների վրա արդյունավետ ներազդելու ոչ մի մեխանիզմ չունեն, որովհետև եթե խոսում ենք 150 դրամի բոյկոտի օրինակով, ապա եկենք հասկանանք, թե ինչպես էին մարդիկ ուղղակիորեն ազդում գծատիրոջ վրա.
շատ մարդիկ վճարում էին 100 դրամ, շատ մարդիկ բոյկոտում էին հասարակական տրանսպորտը, շատ մարդիկ էլ օգտվում էին carpool-ից, և արդյունքում, այդ մի քանի օրերի պայքարը բերեց նրան, որ գծատերերը ակնկալած գերշահույթը ստանալու փոխարեն սկի չէին կարողանում մինչև թանկացման նորման ապահովել, առավել ևս, որ արդեն վարորդներից շատերն էին սկսել միանալ բողոքին կամ գործադուլ անել: Փաստորեն պայքարելով մարդիկ ակտիվորեն ներազդում էին գծատերերի վրա ու իրական վտանգ ստեղծում նրանց եկամուտները կորուստների վերածելու: Նաև այս հանգամանքը բերեց նրան, որ պայքարը պսակվեց հաջողությամբ՝ ժամանակավոր, թե մնայուն` էական չէ:
Հիմա վերադառնանք մեր հավերին: Ինչպես նշեցի, գնալով երկու պարզ փաստ եմ գիտակցել, և առաջինն այն է, որ վարորդները չունեն իրենց նեղություն պատճառող ընկերության վրա ներազդելու ոչ մի հստակ ու կիրառական մեխանիզմ, որովհետև (սա երկրորդ «հայտնագործությունս» է) այս անգամ այս դրամաշորթությունը լրիվ «օդից փող կպցնել» է, և անգամ եթե ոչ մի վարորդ Երևանում չվճարի կանգառի համար ու չմուծի տուգանքները, միևնույն է, դրանով միայն կհասնի նրան, որ էդ դրամաշորթները օդից փող չեն կարանա քերել, բայց ոչ մի վնաս էլ չեն կրի:
Ինչի՞ եմ ասում «օդից». հասկանում եք, երբ էդ վճարովի կայանատեղիներից ստացված եկամտի 70 տոկոսը գնում է մի ընկերություն, որը փաստացի ոչ մի ծառայություն չի պատրաստվում քեզ մատուցել, այլ պարզապես «էս սարն իմն է, էս քարն իմն է» սկզբունքով քեզանից փող ա պահանջում, հենց դա էլ կոչվում է օդից փող կպցնել, ու սա լրիվ չիպպոլինոյական տրամաբանություն է, և վաղը կարող են գան հայտարարել, որ իրոք, շնչելու համար էլ պետք է վճարենք՝ պատճառաբանելով դա նրանով, որ ստացված միջոցներն անպայմանորեն կգնան ավելի ապահով Հայաստանում ավելի լավ մթնոլորտ ստեղծելու գործերին: