Հաղթելու են ոչ նախկինները, ոչ էլ ներկաները, այլ ապագայի ծրագրեր ունեցողները, ովքեր չեն խորշի այդ հաղթանակի մաս դարձնել նաև բոլոր իրենց նախկիններին. Հայկ Դեմոյան


22:04 , 20 դեկտեմբեր, 2020
ԲԱՑ ՄՏՔԵՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՈՒՐՋ
Իմ խորին համոզմամբ, այսօր բախվում ենք մեր հասարակության համատարած քաղքենիացման, տգիտացման ու դեգեներացման հետևանքների հետ։ Այդ արատավոր երևույթների պատճառով է, որ հայտնվել ենք նման փակուղում։ Մեզ շրջապատող բոլոր չարիքների արմատը այդտեղ է։ Երկուսուկես տարում շատ բան կարելի էր փոխել կրթության, գիտության ոլորտներում և, ընդհանրապես, հասարակության շրջանում իրական ու նոր արժեքներ ներդնելու ու քարոզելու ուղղությամբ։ Արվեց ճիշտ հակառակը․ ավելի խորացվեցին բաժանարար գծերը, միջակությունն ու կիսագրագիտությունը համարվեց խիստ ընդունելի ու խրախուսելի, դե իսկ նախկինում եղած հովանավորչությունն ու թայֆաբազությունը հանդես եկան նոր պերճանքով ու երանգներով․․․ Հանուն ինչի՞ պետք էր գալ իշխանության, երբ քննադատված բոլոր արատավոր երևույթները ոչ թե վերացվեցին, այլ ստացան նոր խթան ու դրսևորում․․․
Բոլոր հայտնի կաշառակերները մնացին իրենց տեղերում և նույնիսկ խրախուսվեցին, հիմնարար որևէ տեսլական կամ նախագիծ այդպես էլ կյանքի չկոչվեց և ոչ մի ոլորտում․․․ Երկրի ներսում լսեցինք վենդետա չի լինելու, վետտինգ ա լինելու, սևեր ու սպիտակներ, նախկիններ ու ներկաներ, վնգստացողներ ու ասֆալտփռոցի․․․ ու այսպես շարունակ։ Հա, չմոռանամ նորից հիշեցնեմ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող պողոտան չորս տարի է, ինչ սկսվում է օղու գովազդային վահանակներով ու ավարտվում է Մատենադարանով։ Դե իսկ քաղաքացու օրվա առիթով այդ նույն պողոտայի վրա կազմակերպված մանղալով խորովածն էլ վրադիր։ Վերոնշյալի շուրջ լավ ցուցիչ է, այդպես չէ՞։
Երկիրը տարբեր ազդեցության գործակալների համար վերածվեց բաց ու անկաշկանդ ծավալման հարթակի․․․ Էլ չեմ խոսում որոշում կայացնող նորելուկների ինտելեկտուալ կարողությունների ու հնարավորությունների մասին։ Վստահ եմ, որ նույնիսկ այս պահին նրանց մեծ մասի մոտ լիակատար բացակայում է երկրի անվտանգությանն ու ապագային իրենց գործունեության ու անգործության արդյունքում հասցված հարվածի սոսկալի հետևանքների գիտակցումը․․․ Վստահ եմ, որ այդպես է։ Հենց այդ հետևանքների գիտակցման բացակայությունն է, որ տակավին հույսեր են տածում, որ դեռ որոշ ժամանակ կարելի է իշխանություն քարշ տալ․․․
Իսկ ՀԱՂԹԱՆԱԿ լինելու է, թող ոչ ոք դրանում չկասկածի։ Հաղթելու են ոչ նախկինները, ոչ էլ ներկաները, այլ ապագայի ծրագրեր ունեցողները, ովքեր չեն խորշի այդ հաղթանակի մաս դարձնել նաև բոլոր իրենց նախկիններին․․․