Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերը 4 անհետ կորած զինծառայողի մասին դիմումներ են ստացել, որոնք փոխանցվել են որոնողական ջոկատներին


21:47 , 20 դեկտեմբեր, 2020

Այսօր Լեռնային Ղարաբաղի կորած զինծառայողների մասին տվյալների հավաքագրման թեժ գիծը դիմումներ է ստացել 4 անհետ կորած զինծառայողի վերաբերյալ: Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնում  են  ՌԴ խաղաղապահ առաքելությունից:

«Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) կորած զինծառայողների մասին տվյալների հավաքագրման թեժ գծին 4 անհետ կորած զինծառայողի վերաբերյալ դիմումներ են ստացվել: Տվյալները ստուգվել են, մշակվել և փոխանցվել են Խաղաղապահ առաքելության վերահսկման կենտրոնի որոնողական ջոկատներին»,- նշվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տայտնել էր, որ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները վերադարձել են հայրենիք: