Ռուս խաղաղապահների ներկայությամբ ՊԲ-ն մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի. Փաշինյան


20:24 , 16 դեկտեմբեր, 2020

Հադրութի շրջանի Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերի տարածքում գտնվում են ռուս խաղաղապահներ, գտնվում են Արցախի ՊԲ ստորաբաժանումներ, այդ տարածքում գտնվում են նաեւ ադրբեջանական եւ մեր հետախուզական տվյալներով նաեւ թուրքական որոշ ստորաբաժանումներ. իրավիճակը բավական բարդ ու լարված է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում այդ հատվածը գտնվում է եւ պետք է գտնվի ՊԲ վերահսկողության ներքո»,-ասաց նա՝ հավելելով, որ եռակողմ հայտարարության համաձայն դրա իրականացման երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը եւ հայտարարության դրույթների խախտումը պետք է արձանագրվի եւ դրան պետք է հետեւեն կոնկրետ քայլեր:

Դիտարկմանը, որ ադրբեջանցիները չեն պահպանում հայտարարության պայմանները, եւ քիչ հավանական է, որ ռուս խաղաղապահները մտնեն մարտի մեջ, այդ դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանը, Փաշինյանն ասաց. «Հայաստանը պետք է քայլեր անի եւ դրանք պետք է լինեն առաջին հերթին դիվանագիտական, ինչը եւ արվում է:

Այդ հատվածում առաջին օրը ՊԲ մարտիկները դիմակայել են հարձակմանը եւ մարտ ը դադարել է այն պահից, երբ ռուս խաղաղապահները հասել են դեպքի վայր: Խնդիրն այն է, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ ՊԲ-ն մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի: Որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ այդ մարտական գործողությունների արդյունքում կարող են խոցվել նաեւ խաղաղապահներ՝ դրանից բխող հետեւանքներով: Ուրեմն իրադրությունը պետք է լուծվի քաղաքական ու դիվանագիտական շփման ճանապարհով»: