«Դիմումիս համաձայն՝ ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից». ոստիկանության հատուկ գումարտակի «կարմիր բերետավոր»


16:02 , 12 դեկտեմբեր, 2020
10.12.2020, դիմումիս համաձայն՝ ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից: Ընդամենը մի քանի օրից՝ դեկտեմբերի 28-ին, լրանալու էր ոստիկանությունում իմ ծառայության 4-րդ տարին:
4 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա: Ինձ համար բերետավոր լինելը և այդ ստորաբաժանումը ներկայացնելը պատիվ է եղել:
Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի վարչության պետից դիմումս ընդունելու և համաձայնությունը տալու համար:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև իմ ողջ նախկին և ներկա սպայական ու շարքային կազմից այս 4 տարվա հիշողությունների համար: Ու կապ չունի՝ մենք ցույցի էինք, թե սովորական քաղաքային ծառայության, Հայաստանում, թե Արցախում: Մենք անգամ ամենածանր օրերին կգտնեինք պոզիտիվությունը պահելու առիթներ:
Չեմ ցանկանա ծավալվել ազատմանս դրդապատճառների վերաբերյալ: Ուղղակի կմաղթեմ անփորձանք ծառայություն բոլոր ոստիկաններին, ու կապ չունի՝ Հատուկ գումարտակից եք, թե Հրեշտակներից, ՊՊԾ-ից եք, թե ՊՊԳՎ-ից, բաժնի աշխատող եք, թե Ոստիկանության զորքերից.... Դուք բոլորդ իմն եք, իսկ ես ձեզանից մեկն եմ: Շատ կկարոտեմ բոլորիդ: Հպարտ եմ, որ Ձեր կողքին եմ եղել և ներկայացրել եմ ոստիկանությունն այս երկար տարիների ընթացքում:
Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերատարությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել: Մենք Հայաստանի պայմանների համար շատ ցածր աշխատավարձով, բայց անձնուրացությամբ միշտ ծառայել ենք: Ու եթե դուք կարող եք աշխատել երկու կամ ավել աշխատանքում, ոստիկանը անգամ դրա իրավունքը չունի, ուր մնաց՝ ժամանակը: Եթե ձեր երեխան տեսնում է ձեզ աշխատանքի գնալուց կամ գալուց, ապա իմացեք, որ շատ ոստիկանների երեխաները անգամ դրա հնարավորությունը չունեն: Եթե դուք կարող եք ձեզ համար անվտանգ աշխատել ու գնալ տուն, ապա ոստիկանի ամեն օրը փորձություն է, որի միջով ստիպված թե՛ նա, թե՛ նրա տանեցիներն են անցնում:
Դե, հիմա ինքներդ մտածեք՝ ո՞վ կարող է աշխատել այդ պայմաններում՝ չկորցնելով իր անձնուրացությունը և արժանապատվությունը:
Մի՛ փորձեք անգամ վիրավորել ոստիկանին: Ու ով-ով, ես լավ գիտեմ, որ հատկապես կարմիր բերետավորների 24-ժամյա ծառայության շնորհիվ է, որ շատ մարդիկ կարող են գիշերվա ամեն ժամի հանգիստ դուրս գալ քաղաք և պարզապես զբոսնել:
Ձեզ համբերություն և առողջություն, իմ ոստիկան եղբայրներ ու քույրեր։
Ես ոչ մի կուսակցության կամ կազմակերպության անդամ չեմ եղել և երբեք չեմ էլ լինի, ինձ համար ՀԱՅ լինելը վեր է բլոր տիպի կուսակցություններից կամ կազմակերպություններից:
Աստված մեր ազգին պահպանի։
#StrongArmenia
#PoliceOfArmenia
#ՀՀՈստիկանություն
Image may contain: 1 person, standing, car and outdoor