«Տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն ավարտվել է»․Թեհրանում Թուրքիայի դեսպանը Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել


18:45 , 11 դեկտեմբեր, 2020

Թեհրանում Թուրքիայի դեսպանը այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների համար Իրանի ԱԳՆ է կանչվել, այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթեբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Թուրք դեսպանին հայտնել են, որ տարածքային հավակնությունների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի դարաշրջանն արդեն երկար տարիներ ավարտվել է»,- նշել է նա։

Խաթեբզադեի խոսքով՝ «ընդգծվել է, որ Իրանը ոչ մեկին թույլ չի տա խախտել իր տարածքային ամբողջականությունը»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին Էրդողանը, Բաքվի զորահանդեսի ժամանակ իր ելույթում, մեջբերել է ադրբեջանցի բանաստեղծ Բախթիյար Վահաբզադեի խոսքերը, որն ասել է․ «Արաքսը մեզանից բաժանեցին, երկաթներով ու քարերով լցրին, ես քեզնից չէի բաժանվի, մեզ ստիպողաբար են բաժանել»։ Նման ձևով Էրդողանն ակնարկել է այն մասին, որ Ադրբեջանի տարածքները նվաճված են։ 

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում գրառում էր կատարել՝ ի պատասխան Բաքվում երեկ կայացած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին։

Նա, մասնավորապես, նշել էր․«Նախագահ Էրդողանին չե՞ն հայտնել, որ Բաքվում նրա թերի մեջբերածը, վերաբերում է Արաքսից հյուսիս ընկած՝ մայր Իրանի տարածքների բռնազավթմանը։ Նա չի՞ գիտակցել, որ խաթարում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի մասին (նկատի ունի Իրանի Ադրբեջան նահանգը՝ երկրի հյուսիսային հատվածները, որտեղ բնակվում են բնիկ ադրբեջանցիներ)»։