«Ապարանցիների անվան հետ թող Ռազմիկ Պետրոսյանը չխաղա»․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացի


14:23 , 11 դեկտեմբեր, 2020

Ես ավելի խիստ միջոցներ եմ առաջարկում, օրինակ՝ ձերբակալություն եւ այլն,  բայց ընդիդմադիր ուժերը չեն գնում նման կտրուկ քայլերի, այլ ուզում են քաղաքակիրթ ձեւով հեռացնել Փաշինյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Անի Կաղինյանը, ով այլ քաղաքացիների հետ միասին  փակել էր Մոլդովական-Թոթովենց խաչմերուկը։

«Փաշինյանը հասկացող չէ, ինձ թվում է՝ միայն  շատ դաժան հեռացնելու մեթոդոլոգիայով կարելի է նրան  պոկել իր աթոռից, ես չեմ տեսնում, որ այս միջոցներով մենք կարող ենք նրան հեռացնել։ Մենք ունենք 7000 զոհ, 15 000 վիրավոր, 10 000 հաշմանդամ,  300-ից ավելի անհետ կորած, 10 000 քառակուսի կիլոմետր կորուսյալ հայրենիք, 10 մլրդ-ի վնաս, ո՞վ է դա մեզ փոխհատուցելու՝ չգիտեմ, ինձ թվում է՝ ամենասարսափելի միջոցներով պետք է պատժել, որ հետագայում ոչ մեկ չհամարձակվի դավաճանել հայրենիքը»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ իրենց աջակցողների թիվը մեծ է, եւ ի պաշտպանություն վարչապետի՝ ակցիաներ են լինում, Անի Կաղինյանը նշեց, որ իր նման քաղաքացիները, տարբեր համայնքների ղեկավարները, ավագանու անդամները, երկու կաթողիկոսները եւս ժողովուրդ են ու միացել են իր հրաժարականի պահանջին։

«Իսկ Ապարանում եւ մնացյալ համայնքներում, որտեղ իր կամակատարները Ռազմիկ Պետրոսյանների միջոցով կազմակերպում են հավաքներ, դա չի նշանակում, որ ժողովուրդը կողմ է, հիմա ես դիմում եմ պարոն Պետրոսյանին․Քարվաճառից ապարանցի տղաներին, որոնք 30 տարի պահել են Օմարի լեռնանցքը, դուք չէիք կարողանում իջեցնել, էդ ո՞նց եղավ, որ դուք դուրս եք եկել ու ասում եք, որ ապարանցիները դեմ են Նիկոլի հեռացմանը։ Ապարանցիների անվան հետ թող պարոն Պետրոսյանը չխաղա, ինքս ապարանցի եմ ու  դեմ եմ Նիկոլին, հիմա էլ դուրս եմ եկել պայաքարելու, որ Նիկոլը հեռանա»,- ասաց նա։