Եթե հանկարծ ազգը չգիտակցեց, որ այս խայտառակության հետ համակերպվելը նշանակում է որպես ազգ մեր վերջին էջի փակում, ապա մենք դատապարտված են ոչնչացման. Անի Հովհաննիսյան


02:53 , 11 դեկտեմբեր, 2020
Այս օրերի ընթացքում բացահայտեցի մի կարևոր հատկանիշ, որը բացակայում կամ թերանում է մեր հասարակության մոտ: Կարծում եմ՝ նաև դա նպաստեց այս խայտառակ իրավիճակի առաջացմանը: Խոսքը վերաբերում է ավագ սերնդի ձեռքբերումները հարգելուն, պահպանելու պարտականությունը գիտակցելուն և գնահատելուն:
Սա կարևոր է այն առումով, որ եթե մենք հարգեինք ավագ սերնդի ձեռքբերումներն, ապա այսօր չէր լինի գեթ մեկ մարդ, ով կկարողանար համակերպվել իր նախնիների հաղթանակի կորստի հետ: Խոսքը չի վերաբերում զուտ էմոցիոնալ համակերպմանն, այլ կոնկրետ գործողություններով բոլորը կընդվզեին:
Եթե մենք հարգեինք մեր ավագ սերնդի հաղթանակներն, ապա դավաճան Նիկոլ Փաշինյանը չէր կարող այդ խայտառակ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո նույնիսկ մեկ օր մնալ վարչապետի պաշտոնին: Նա մնում է, որովհետև գիտի, որ կա հասարակության մի հատված՝ գուցե ոչ շատ, բայց բավարար, որը չունի այդ զգացումը, որը չի գիտակցում, որ ավագ սերնդի հաղթանակները կորցնելը նշանակում է սեփական արմատների վրա թքել, որպես ժառանգ դառնալ անարժան այն հաղթանակին, որը ձեռք է բերվել կյանքի գնով ու նվիրել են քեզ, որ դու պահես: Այն պահին, երբ դու կորցնում ես այդ հաղթանակը, դու դառնում ես քո պապերին, հայրերին ոչ արժանի զավակ:
Դավաճան Նիկոլ Փաշինյանի հեռանալը բացի քաղաքական, դիվանագիտական և այլ հարցերի լուծմանը հասնելուց ունի նաև շատ լուրջ բարոյական նշանակություն: Նրա ամեն օրը վարչապետի պաշտոնում ավելի շատ է ապացուցում, որ մենք որպես ազգ արժանի չենք մեր նախնիներին, մենք չենք հարգել նրանց հաղթանակները, ունակ չենք եղել պահել դրանք և այնքան անարժան ենք, որ կարող ենք հանդուրժել այն մարդուն, ով թքել է մեր պապերի, հայրերի արյան գնով ձեռք բերած հաղթանակի վրա:
Սա շատ նուրբ պահ է, գուցե այս իրավիճակում թվա, թե ոչ այդքան էական, սակայն հետագա սերունդների, մեր ապագայի համար շատ լուրջ նշանակություն ունեցող: Հենց այս իրավիճակի ելքից է կախված այն՝ արդյոք մեր երեխաները, մենք կկարողանանք ինքներս մեզ հարգել, թե՝ ոչ:
Եթե հանկարծ ազգը չգիտակցեց, որ այս խայտառակության հետ համակերպվելը նշանակում է որպես ազգ մեր վերջին էջի փակում, ապա մենք դատապարտված են ոչնչացման՝ առաջին հերթին բարոյապես ու հոգեբանորեն, իսկ դա շատ ավելի ահավոր է, քան ֆիզիկական ոչնչացումը, քանի որ դրանից հետո այլևս ֆիզիկական գոյությունն իմաստ չի ունենում, հավասարվում է ակվարիումում ապրող ձկների գոյությանը, գուցե ավելի վատ...
Ժամանակ իրոք արդեն չկա, պետք է ի վերջո ազգովի ուշքի գանք ու հասկանանք, որ երանի ենք տալու ցեղասպանված մեր քույրերին ու եղբայրներին, եթե հանկարծ թույլ տվեցինք մեր ազգային պատմության ամենամեծագույն ու հետագայում արդեն որևէ կերպ չխմբագրվող սխալը...