Պաշտպանական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումը, վերակառուցումն ու դրանց շահագործումն առաջնահերթ խնդիրներ են․ Արայիկ Հարությունյան


18:09 , 10 դեկտեմբեր, 2020

Արցախի  նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնկացությամբ:

Նա նշել է, որ պաշտպանական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումը, վերակառուցումն ու դրանց շահագործումն առաջնահերթ խնդիրներից են հանդիսանում, և դրանց լուծման համար համապատասխան քանակի շինարարական տեխնիկայի և ֆինանսական միջոցների ժամանակին հատկացումը կառավարության ուշադրության կենտրոնում է:

Ներկայացված ծրագրերի ծավալն ու ժամանակացույցը  քննարկելուց հետո նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Հատուկ անդրադարձ է եղել հայկական բնակավայրերի` ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնվելու հետևանքով առանց կացարանների մնացած զինվորականների և պահեստազորայինների բնակարանային խնդիրներն արագացված ընթացակարգով լուծելու հարցին: