Բայրամովի հետ հանդիպմանը Զարիֆը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը


13:26 , 10 դեկտեմբեր, 2020

Pars Today-ը գրում է․

Չորեքշաբթի օրը, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը:

Նշելով, որ Կովկասի տարածաշրջանի կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա, Զարիֆն ընդգծել է երկխոսության և քաղաքական լուծումների միջոցով ճգնաժամի մշտական լուծման անհրաժեշտությունը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, ցավակցելով իրանցի գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի նահատակության կապակցությամբ և դատապարտելով այս ահաբեկչական գործողությունը, շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշման նկատմամբ, հավելելով, որ հակամարտության վերաբերյալ Իրանի  քաղաքականությունը հավասարակշռված է:

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը և խորացումը, միջազգային շրջանակներում երկու երկրների համագործակցությունը, Կասպից ծովի հետ կապված հարցեր,սահմանային համագործակցությունը, անվտանգությունը, ընթացիկ ծրագրերը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ,