16:11 , 3 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
«Զորակոչի տարիքի՝ բանակից խուսափողներ գրեթե չկան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Հովհաննիսյաննը։ Նրա տվյալներով՝ զորակոչի տարիքի հետախուզության մեջ գտնվող տղաներն ընդամենը մի քանիսն են: Այդ թիվը տարեցտարի նվազում է, վերջին երկու-երեք տարիներին նույնիսկ իրավիճակ է եղել, երբ հետախուզության մեջ ընդհանրապես ոչ մեկը չի եղել: ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետը նշեց նաև, որ դրանք էլ ոչ թե բանակից խուսափելու դեպքեր են, այլ ուրիշ խնդիրների հետ են երբեմն կապված լինում:
«Օրինակ՝ շատ դեպքերում, որ մենք գրանցում ենք, թե նա չներկայացավ, լինում են դեպքեր, որ տղաներն արտասահմանում են լինում՝ արտագնա աշխատանքի կամ ապրելու, չեն կարողանում վերադառնալ, հետո դիմում են մեզ, որ գան, դեսպանատների միջոցով և այլն, գալիս ծառայում են»,- տեղեկացրեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ արտասահմանում ապրող հայերի՝ մեր բանակում ծառայելու բարձր ցուցանիշ է գրանցվում: Արծրուն Հովհաննիսյանն ասաց նաև, որ չծառայողների թիվը կոմպենսացվում և ավելին՝ գերազանցվում է մեկ այլ կերպ՝ 10-11 տարեկանից շուտ երկրից գնացած, չհաշվառված տղաների կամավոր ծառայությամբ: Սա, Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, պայմանավորված է երկու կարևոր հանգամանքով։ Առաջինն, ըստ նրա, իրենց երկրի համար ծառայելու տղաների պատրաստակամությունն է, երկրորդը՝ մեր բանակի հեղինակությունը։
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետը հիշեցրեց, որ Հայաստան-ԱՄՆ հեռուստակամուրջի շրջանակում մի անգամ մի հայտարարության հետևանքով կամավոր ծառայության 18 դիմում է ստացվել Միացյալ Նահանգներից: