15:57 , 3 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը լրագրողներին ներկայացրեց իր տեսակետը հայ-թուրքական սահմանին թուրք հովվի հետ կապված միջադեպի, ԵՄ Ասոցացման պայմանագրի նախաստորագրման ժամկետի մոտենալուն զուգահեռ Հայաստանի վրա գործադրվող ճնշումների և Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության կոնտեքստում ռուս-հայկական ու ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման նոր ուղեգծերի մասին:
«Տեղեկություններն իրարամերժ են: Մի կողմից կա տեղեկություն, որ հովիվը պատահական է անցել սահմանը և սպանվել, մյուս կողմից՝ կա տեղեկություն, որ նա զինված է եղել և առաջին կրակը բացողն ինքն է եղել: Սա էականորեն փոխում է դեպքի մանրամասները: Առաջին դեպքում սպանելը ուժի ոչ օրինաչափ կիրառում կարելի է համարել, կարելի էր ձերբակալել, երկրորդ դեպքում դա ինքնապաշտպանություն էր և լրիվ օրինական ու օրինաչափ է պատասխանը»,- նշեց Արա Պապյանը:
Նրա տեղեկացմամբ` գյուղացիները վկայել են, որ սա առաջին սահմանահատումը չէ, միշտ էլ եղել է, երբ սահմանն անցել են կորած անասունի հետևից և նման վերաբերմունք չի եղել: Զինվորը, ըստ քաղաքագետի, առանց հրահանգի չի կրակի: Եթե քսան դեպքում չի կրակում, քսանմեկերորդում կրակում է, ուրեմն Արա Պապյանի կարծիքով՝ եղել է հրահանգ:
«Այս ամբողջը փոքր ճնշման քայլեր են, որոնք իրականացվում են հայ-թուրքական հարաբերությունները լարելու համար, որն էլ ճնշման միջոց է Ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրման նախաշեմին»,- ասաց Արա Պապյանը:
Նրա կարծիքով` ցանկացած անձ կամ պետություն գնահատվում է արարքների և ոչ ենթադրությունների համար: Միանգամայն հնարավոր է համագործակցել տնտեսապես Արևմուտքի հետ, և ռազմականապես Ռուսաստանի հետ: «Իմ համոզումն է, որ Եվրասիական ուղղությունը փորձածը կրկին փորձելն է: Երկրորդ անգամ նույն գործողությունը չեն կրկնում: Այն աղբյուրը, որ հանդիսանում է խնդիրների բուն պատճառը, չի կարող խնդիրները լուծել»,- նշեց Արա Պապյանը:
Նրա կարծիքով՝ եթե նույն «Գազպրոմը» վաղը գազի գինը բարձրացնելու հնարավորություն ունենա` կբարձրացնի: «Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որտեղ հույս կա, որ կբարելավվեն մեր հարցերը: Մենք բոլորս մի նավի թիավարներն են, եթե նավապետը սխալ ուղղություն է տալիս նավին, կարող ենք խորտակվել»,- ասաց քաղաքագետը:
Նա առաջարկում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, որը Ռուսաստանի կողմից ջղաձգություններով է ընդունվելու, չստորագրելու դեպքում էլ է լինելու ջղաձգությունը, քանի որ մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսական է: