Քաղաքական թիմը լքելն ինձ համար անընդունելի է. մանդատը վայր դրած պատգամավոր Արամ Խաչատրյանը դեռ չգիտի՝ ինչ պաշտոն է զբաղեցնելու


15:17 , 9 դեկտեմբեր, 2020

Դեռ հայտնի չէ, թե ինչ պաշտոն եմ զբաղեցնելու, այս պահին քննարկման փուլում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, ով մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:

Դիտարկմանը, որ, ըստ լուրերի, նշանակվելու է Լոռու մարզպետ, նա ասաց. «Ես ոչ մի բան չեմ կարող բացառել: Թույլ տվեք հիմա չպատասխանել: Երեկ էլ ասել եմ, որ հիմա քննարկման փուլում է: Տարբեր առաջարկներ են եղել, մոտ ապագայում կիմանաք»:

Ճշտող հարցին, թե այդ առարկների մեջ եղե՞լ է մարզպետ նշանակվելու հարցը, պատգամավորն արձագանքեց. «Տարբեր հարցեր են քննարկվել: Դա մեր քաղաքական թիմի որոշումն է եղել: Ես 2016-ից ՔՊ-ի քաղաքական թիմի անդամ եմ, եւ թիմը որտեղ կորոշի, որ լինեմ, այդպես էլ կլինեմ»:

Արամ Խաչատրյանը ընդգծեց, որ չի պատրաստվում լքել իր քաղաքական թիմը, ինչպես դա արել են որոշ պատգամավորներ. «Այս պահին չեմ գտնում դա ճիշտ: Ովքեր լքել են քաղաքական թիմը այս դժվարին պայմաններում, դա ինձ համար անընդունելի է: Մենք միասին ենք եկել, բոլոր խնդիրները պետք է պատրաստ լինենք միասին լուծելու»: