Լավրովն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը


23:34 , 8 դեկտեմբեր, 2020

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի արդիական թեմաներ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշենք, որ նախօրեին Լավրովը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ, որի ժամանակ նույնպես քննարկվել է եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: