Ողբերգական ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. ԿԱՄԱԶ-ը բախվել է հողաթմբին և կողաշրջվել


19:49 , 6 դեկտեմբեր, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

Ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 340 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ԿԱՄԱԶ-5511 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի և Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: