Նիկոլ Փաշինյանը կատարել է իր թաքնված խոստումը


01:29 , 5 դեկտեմբեր, 2020

168.am-ը գրում է․

2018 թվականի վերջին Հայաստանի փողոցներն անիմաստ կարգախոսներով ողողելու համար բյուջեից պատկառելի գումար ստացած «Անտարես» հրատարակչությունը հրատարակեց երբեմնի ընդդիմադիր, հրատարակման պահին՝ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» վեպը, որը հատվածաբար հրապարակվել էր նրան պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթում 2008 թվականի մայիս–դեկտեմբեր ամիսներին։ Գիրքը կարճ ժամանակում դարձավ բեսթսելլեր, հպարտ հայ ժողովուրդը մեկ շնչով կարդաց սիրելի վարչապետի մտքի գոհարները, ոմանք սկսեցին մեջբերումներ անել գրքից, որոշները վերընթերցեցին այն։

Գիրքը հաջողություն ունեցավ, որովհետև հաջողության էր հասել նրա հեղինակը՝ փախստական խմբագրի կարգավիճակից հասնելով երկրի վարչապետի աթոռին։ Գիրքն ինտրիգային էր, որովհետև ինտրիգային էր դրա հեղինակի թաքնված լինելու փաստն ինքնին։ Ընդ որում, ինչպես հետագայում էր պարզվելու, գիրքը գրվել էր երևանյան թաքստոցներից մեկում ընդամենը, թեև դրա էջերում պատմվում էր աշխարհի տարբեր ծայրերով հեղինակի շրջագայության մասին։ Խաբել էր հեղինակը, սովորության համաձայն՝ Երևանում գտնվելով՝ շրջագայության պատմություն հորինելով։ Դրա համար, իհարկե, կարելի է արժանին մատուցել նրա երևակայությանը։ Խնդիրը, սակայն, ընթերցողին մոլորեցնելու Նիկոլ Փաշինյանի կարողությունը չէ։ Եվ ոչ էլ անգամ գրքի սկանդալային ենթավերնագրերը, ինչպես, օրինակ, «պուպուլիկով տիկինը» կամ «սեռական ակտի փոխարժեքը»։

Դրանք ևս կարելի է վերագրել հեղինակի՝ ընթերցողին գրավելու հնարամտությանն ու ստեղծագործական տաղանդին, թեև վկայաբերվածներն ավելի շատ խոսում են էժան գռեհկաբանության մասին։ Բայց անգամ դա չէ էականը՝ ինչպես լրագրողական ճանապարհին, այնպես էլ՝ գրողի դերում Նիկոլ Փաշինյանը չի խորշել ընթերցող գրավելու ու մարդկանց մոլորեցնելու որևէ, այդ թվում՝ անթույլատրելի մեթոդներից։ Խնդիրը շատ ավելի խորն է, և դա կապված է գրքի վերնագրի թաքնված ուղերձի հետ՝ «Երկրի հակառակ կողմը»։

Մակերեսորեն, դա, իհարկե, վերաբերում է հեղինակի գաղտնի ճանապարհորդությանը, երկրին հակառակ կողմից նայելու դիտողունակությանը, և այլն։ Բայց այդ վերնագրում կա ևս մեկ, իսկ գուցե գլխավոր ուղերձ․ երկրի հակառակ կողմը չերկիրն է, չպետությունը կամ պետության կանգը, չգոյությունը։

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության երկուսուկես տարիներին իրականություն է դարձրել իր գրքի վերնագիրը՝ Հայաստանը պետությունից վերածելով «երկրի հակառակ կողմի», այսինքն՝ չպետության։

Նա, փաստորեն, հանդես է եկել ազնիվ գրողի դերում՝ իրականություն է դարձրել իր ստեղծագործությամբ տրված թաքնված խոստումը։

Մնում է պարզել, թե հատկապես ում և որ երկրների մայրաքաղաքներում է տրվել այդ խոստումը՝ երկրի հակառակ կողմում շրջագայելիս։