Բուհերի ընդունելության քննությունների կարգում փոփոխություններ են կատարվել


00:32 , 3 դեկտեմբեր, 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտնել է 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկում կատարված փոփոխությունների մասին։

Համաձայն ընդունված որոշման, առկա եւ հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։

«Կան մասնագիտություններ, որոնց դիմորդները վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականը կարող են փոխանցել նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից (ատեստատ կամ դիպլոմ):

Գալիք՝ 2021-2022 ուստարվա ընդունելության քննությունների ցանկում կատարված հիմնական փոփոխությունն այն է, որ մի շարք մասնագիտությունների համար բուհերի կողմից սահմանված են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրելու համապատասխան քննական առարկան:

Այս փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ։

Ընդունելության քննությունների եւ մասնագիտությունների ցանկը՝ այստեղ։

Գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար սահմանվում են ընդունելության միեւնույն պայմանները։

Նշենք, որ սովորաբար բակալավրիատի ծրագրով դիմորդները հանձնել են ընդունելության նվազագույնն երկու քննություն։ Բացառություն է արվել միայն անցյալ ուսումնական տարվա ընդունելության գործընթացի կազմակերպման ժամանակ, երբ դիմորդները հանձնել են մեկ քննություն՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմամբ։