«Կիրակի օրերին Դադիվանք ավտոբուս է գնում խաղաղապահների ուղեկցությամբ, և հոգևոր հայրերը հերթափոխով ծառայություն են մատուցում». Տեր Հովհաննես


15:43 , 2 դեկտեմբեր, 2020

Կիրակի օրերը Ստեփանակերտից դեպի Դադիվանք ավտոբուս է գնում ուխտավորների հետ միասին, սահմանի մոտ խաղաղապահ զորքը գալիս է, ուղեկցում մինչև Դադիվանք, գնում, աղոթքներ են անում, վերադառնալուց էլ խաղաղապահ զորքը բերում է, սահմանն անցկացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դադիվանքի վանահայր ժամանակավոր Սուրբ Երրորդություն եկեղեցի տեղափոխված Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Դադիվանքում հոգևոր հայրերը հերթափոխով իրենց ծառայությունն են մատուցում սարկավագների հետ միասին և հույս հայտնեց, որ խաղաղապահ զորքը կպահի, կպահպանի այդ ամենը: Տեր Հովհաննեսը հայտնեց, որ խաչքարերի մի մասը տեղափոխել են, բայց կան այնպիսիք, որոնք հենց եկեղեցու պատի մեջ են և մնացել են այնտեղ․ դրանք չեն տեղափոխել, որպեսզի չվնասեն թե՛ խաչքարերը, թե՛ պատը:

«Առայժմ ապահով է գնալը: Հուսով ենք, որ Աստված ամեն ինչ իր տեղը կբերի, սա մեր սխալների, բացթողումների, մեղքերի պատասխանն ենք ստանում»,- ասաց նա և նշեց, որ դեռ հարց է, թե թուրքն այսքանով բավարարվում է, թե մնացածն էլ է ուզում, ոչ մի երաշխիք չկա:

«Մենք չգիտենք՝ մեր թշնամին ինչ է մտածում, իրենց սև ձեռագիրն են ցույց տալիս, իսկ աշխարհը լռում է, այսինքն՝ ես աշխարհից հույս չունեմ: Մենք պետք է միանանք, սիրո մեջ ամրանանք: Երբ պատերազմը սկսեց սեպտեմբերի 27-ին, Հայաստանում ժողովուրդը գրկաբաց ընդունեց ղարաբաղցիներին, սիրո մեջ ընդունեց, բայց այսօր այս հողերի նվիրաբերումից հետո մարդիկ ասում են` դե, ղարաբաղցիք, գնացեք ձեր հողերը, մեր երեխեքը զոհվեցին… Այս ամենը չարի գործն է, և ուզում են սեպ խրել ղարաբաղցու և հայաստանցու միջև, բայց մենք մեկ ազգ ենք, մեկ ժողովուրդ ենք»,- ասաց նա:

Տեր Հովհաննեսը նշեց, որ ժողովրդի մեջ սեպ են խրում, ատելություն են սերմանում, որպեսզի կարողանան հեշտ տիրանալ ամեն ինչի և իրենց կատարած սև գործերը բարդեն ուրիշի վրա:

«Մեր ժողովուրդն այսօր հպարտ չէ, ժողովուրդը գլխիկոր է ման գալիս, ցավով եմ ասում: Քաղաքացին չի հասկանում` ով է այս սեպը խրում, ջուրը պղտորում, իսկ մենք չունենք լավ դիվանագետներ, որ կարողանան ճիշտ ճանապարհով տանել մեր ժողովրդին: Եկեղեցու նկատմամբ էլ կար ատելություն, եկեղեցականն արդեն չէր կարողանում դպրոց հաճախել, իսկ նախկինում անընդհատ գնում էր: Եկեղեցուն ուզում են պառակտել, բաժին-բաժին անել, որ կարողանան չար գործեր իրականացնել»,- ասաց նա և նշեց, որ սա հատուկ ծրագիր է, որին պետք է վերջ տրվի։

Տեր Հովհաննեսը նշեց, որ հոգևորականը միշտ եղել է իր ժողովրդի, իր զորքի և զինվորի հետ թե՛ պատերազմի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում: Հարցին, թե շատ ժամանակ, երբ եկեղեցու անհրաժեշտությունը լինում է, քաղաքացիներն ասում են, որ չեն զգում եկեղեցու ներկայությունը, արդյո՞ք արդարության հատիկներ չունի այդ քննադատությունը և դրա արդյունքում չի՞ ստեղծվել այս վիճակը, Տեր Հովհաննեսն ասաց, որ ովքեր հավատ չունեն եկեղեցու նկատմամբ, ամեն ինչ կարող են ասել, վարկաբեկել:

Ըստ նրա` այս ամենի լուծումը մեկն է` մարդիկ պետք է սիրեն իրար: «Մենք իրար չենք սիրում և ուզում ենք, որ այսօր թշնամին մեզ սիրի, ընդունի, հարգի: Մենք մեր մեջ պետք է սեր գտնենք, այդ սերը պետք է աստվածային լինի, ոչ թե ցուցադրական ու կեղծ, ոչ թե ցուցադրական գան եկեղեցի մկրտության, կամ պսակի, այլ սերը պետք է հոգու մեջ լինի: Եթե մենք չսիրենք իրար աստվածային սիրով, մենք ոչ մի տեղ ոչ մի բանի չենք հասնի, մենք պետք է միասնական լինենք և այդ սիրո մեջ ապրենք: Մեր ժողովրդի մեջ անչափ սեր կա, բայց պետք է ի մի բերել, հավաքել, ցրված է այդ սերը»,- ասաց նա:

Տեր Հովհաննեսի խոսքով՝ հողերի հարցն անհասկանալի ձևով լուծվեց, օրինակ՝ Քարվաճառի շրջանը սկուտեղի վրա մատուցվեց թշնամուն։ «Ինչի՞ համար, ո՞ր մեղքի, սխալի դիմաց, ինչի՞ դիմաց, եթե խաղաղության դիմաց էր, սա՞ է կոչվում խաղաղություն, այսօր Հայաստանի հողերն են ուզում, Գորիսից յոթ գյուղ են ուզել: Թուրքերը մեզ այսօր ծաղրում են, այն թուրքը, որ մեր անունը լսելուց վախենում էր, այսօր եկել, մեզ է վախեցնում, ողբամ քեզ, իմ հայ ժողովուրդ: Մենք այսպիսի վիճակում չենք եղել, հազարամյակներ մենք ենք թելադրել, եթե պարտվել ենք, ապա վերջին մարդը զոհվել է, որ նոր թուրքը մտել է: Այսօր հայ զինվորը լացելով է դուրս գալիս սահմանից, ասում է՝ ինչո՞ւ եմ նահանջում, երբ իմ սահմանը պահել եմ»,- ավելացրեց նա:

Այդուհանդերձ, Տեր Հովհաննեսն ասաց, որ ժողովուրդը դեռ կփոխվի, քանի որ որդեկորույս մայրեր ունենք, որոնց պետք է սփոփանքի խոսքեր ասենք, սա մեր համայն հայության զոհն է, կորուստն է, միայն այդ ծնողինը չէ: