Հռոմի պապը ուղերձ է հղել մուսուլմաններին


10:15 , 3 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ օրը՝ Ռամադանի ավարտից առաջ, անձնական ուղերձ է հղել մուսուլմաններին, որում փոխադարձ հարգանքի կոչ է արել: Այս մասին հաղորդում է Radio France International-ը: 

Քահանայապետը քրիստոնյաներին և մուսուլմաններին կոչ է արել «վերջ դնել անհիմն քննադատություններին և մեղադրանքներին»: Կաթոլիկ եկեղեցու ղեկավարն ընդգծել է, որ իր «Ֆրանցիսկոս» անունը կրում էր մի սուրբ, որին անվանում էին «ունիվերսալ եղբայր»:

Փոխադարձ հարգանքի մեջ կարևոր է դաստիարակությունը՝ կարծում է քահանայապետը: Քրիստոնեա-մուսուլմանական հարաբերություններում «մենք պետք է հարգանքով վերաբերվենք կրոններին, դրանց խորհրդանշաններին և արժեքներին»՝ ընդգծել է Հռոմի պապը:

Հիշեցնենք նաև, որ միջկրոնական երկխոսության հարցերով Վատիկանի խորհուրդը ամեն տարի Ռամադանի ավարտին ողջույն է հղում մուսուլմաններին: