«Միակ երկիրը, որի հետ առևտրային խնդիրներ ունենք, Ռուսաստանն է». Սանդուն կասկածի տակ է դրել ԵԱՏՄ-ին Մոլդովայի անդամակցությունը


14:46 , 1 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ դեկտեմբերի 24-ի երդմնակալությունից հետո արտաքին գործերի և եվրաինտեգրման նախարարության հետ կուսումնասիրի Եվրասիական տնտեսական միությունում Մոլդովայի դիտորդի կարգավիճակ ստանալու օրինականությունը։

Այս մասին նա հայտարարել է նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ երկիրն արդեն իսկ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հետ ազատ առևտրի մասին պայմանագիր ունի, գրում է EADaily-ն։

«Ինձ համար այնքան էլ պարզ չէ՝ արդյո՞ք այդ որոշումը կայացնելիս պահպանվել են բոլոր ընթացակարգերը։ Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո բանակցություններ կվարենք ԱԳՆ-ի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք դա օրինական է եղել»,- նշել է Սանդուն։

Նրա խոսքով՝ Մոլդովան բիզնես վարելու առումով խնդիրներ չունի ԱՊՀ-ի հետ։

«Միակ երկիրը, որի հետ մենք առևտրային խնդիրներ ունենք, Ռուսաստանն է։ Բայց դա պետք է լուծել երկկողմ ձևաչափով։ Եվ մենք կդիմենք, որպեսզի Մոլդովայի համար վերացվեն արտահանման սահմանափակումները»,- եզրափակել է Մայա Սանդուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։