08:31 , 3 օգոստոս, 2013«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդու՝ Վարդան Հակոբյանի կողմից հուլիսի 27-ին ոստիկանական մեքենաները վնասելու փաստի առթիվ ճանապարհային ոստիկանությունում նախապատրաստված նյութերը երեկ ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին այս լուրը։ Մեր հարցին, թե Վարդան Հակոբյանի՝ փախուստի դիմելուց հետո ինչու հետախուզում չի հայտարարվում, լրատվականի աշխատակից Արմեն Մալխասյանը մեկնաբանեց նրա՝ տվյալ քրեական գործում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով ներգրավված չլինելու հանգամանքով։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, երբ ոստիկանության աշխատակիցներն Անդրանիկ Զատիկյանի մահվան քրեական գործի շրջանակում գնացել էին խուզարկելու Լեդի Հակոբի եղբորորդու՝ Վարդան Հակոբյանի բնակարանը, վերջինս դիմել էր փախուստի, կոտրելով ոստիկանական մեքենաները։ Նրան հաջողվել էր փախուստի դիմել, ոստիկաններն էլ, խուզարկություն կատարելով, հայտնաբերել էին զինամթերք ու խոշոր գումար։ Ըստ տարածված տեղեկությունների՝ Վարդանին խուզարկելու որոշումը Անդրանիկ Զատիկյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակում էր։ Նշենք, որ Զատիկյանը մահացել էր թմրանյութի գերդոզավորումից»,–գրում է թերթը։