ԱՄՆ-ն և Ավստրալիան պատրաստվում են միասին նորագույն հիպերձայնային զենք մշակել


10:45 , 1 դեկտեմբեր, 2020

Ավստրալիան Միացյալ Նահանգների հետ միասին հիպերձայնային հրթիռներ կմշակի, որպեսզի դիմագրավի նմանատիպ զենքեր մշակող Չինաստանին և Ռուսաստանին։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը։

«Մենք կշարունակենք ներդրումներ անել և կատարելագործել մեր ունակությունները՝ ավստրալական պաշտպանական ուժերին առավել շատ հնարավորություններ տալով ագրեսիաներ դեմ պայքարելու համար», - ասել է Ռեյնոլդսը։

Նա չի նշել, թե երբ հրթիռները կգործարկվեն և որքան կարժենան։ Հիպերձայնային հրթիռներն ունեն ձայնի արագությունից 5 անգամ ավելի մեծ արագություն, ճկուն են։

Նախորդ տարի Ռուսաստանը գործարկեց իր առաջին հիպերձայնային հրթիռները, մինչդեռ Պենտագոնը, որը փորձարկել էր նմանատիպ հրթիռներ 2017-ին, նպատակ ունի զարգացնելու հիպերձայնային հրթիռների մարտունակությունը 2020-ականների կեսերին։