Կատարվում է ռազմական գործողությունների բացթողումների գնահատում. Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին


21:04 , 30 նոյեմբեր, 2020

Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Դեսպան Թրեյսին շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ:

ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Որպես առաջնահերթություն, առանձնացվել է գերիների վերադարձման, անհայտ կորածներին հայտնաբերման եւ զոհվածների դիերի փոխանակման հարցը, նշված ուղղություններով ԿԽՄԿ, ՌԴ ՊՆ եւ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ իրականացվող ինտենսիվ աշխատանքները: 

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է նաեւ, որ կատարվում է ռազմական գործողությունների վերլուծություն եւ բացթողումների գնահատում, ինչը կարող է հանգեցնել ինչպես կառուցվածքային, որոշումների կայացման ընթացակարգերի, մարտավարության, այնպես էլ օրենսդրական փոփոխությունների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ պաշտպանության բնագավաոռւմ հայ-ամերիկյան համագործակցությանը նոր ընթացք հաղորդելու հնարավորությունները: Կողմերը համաձայնել են, որ լրացուցիչ քննարկումների արդյունքում կնախաձեռնվեն համագործակցության նոր՝ կողմերի առաջնահերթ շահերից եւ հետաքրքրություններից բխող ոլորտներ եւ ուղղություններ: