Այս արհավիրքի ժամանակ թշնամու գործակալ կառավարչին սպասարկողները, որ այլևս զավթել է պետության ղեկավարի աթոռը, մերը չեն, մեզ չեն ծառայում, հայրենիքի մի մասնիկը չեն․ Հայկ Մարտիրոսյան


20:07 , 30 նոյեմբեր, 2020

Երբ մեզանից հետագայում գողացված հեղափոխության ժամանակ քայլիստները գոչում էին «Ոստիկանը մերն է»` տարակուսում էի:

Ոստիկանը ե՞րբ է մերը եղել: Անգամ զարգացած և ժողովրդավարական մի շարք երկրներում ոստիկանը հաճախ ժողովրդինը չէ: Ուր մնաց` մշտապես բռնատիրություն եղած Հայաստանում:

Հիմա` այսօր գոնե հասկանու՞մ ենք, որ այսօրվա ոստիկանը ոչ միայն մերը չէ, այլև` թշնամունն է:

Ծառայում է թշնամուն, թշնամու կերպ է վարվում մեզ հետ և թշնամու օրակարգն է առաջ տանում:

«Ոստիկան» բառն առաջին անգամ Հայաստանում սկսեց կիրառվել միջնադարում, և այդ պաշտոնն էին կրում նվաճող բարբարոսների հայաստանյան ռեգենտները, որոնք մեզանից հարկեր էին հավաքում և մեզ իշխում:

Հազարամյակների ընթացքում ոչինչ էլ չի փոխվել: Արտաքին նվաճողից` ներքինի են միայն վերածվել: Մեզանից հարկեր են հավաքում, մեր դեմ գործում:

Լռելու՞ ենք էլի արևելյան կեղծախոսությամբ, մեր սուտ ու սին բարեպաշտությամբ: Չպառակտվելու տխմար կոչերով և պառակտիչներին հանդուրժելով:

Այս արհավիրքի ժամանակ թշնամու գործակալ կառավարչին սպասարկողները, որ այլևս զավթել է պետության ղեկավարի աթոռը, մերը չեն, մեզ չեն ծառայում, հայրենիքի մի մասնիկը չեն: Խղճուկ աշխատավարձի դիմաց օտարի գործակալին պահողներն ու սեփական ժողովրդին ջարդողներն այդ ժողովրդից չեն:

Օտարի, այս դեպքում արդեն` թշնամու վարձկան են:

Ոստիկանը մերը չէ:

Ոստիկանը թշնամունն է: