«Նիկոլ Փաշինյանը անաբուռ է. ճակատին դաջված ուրացողի կնիքով ինչպե՞ս է շարունակելու ապրել». Լիլիթ Գալստյան


23:31 , 28 նոյեմբեր, 2020

168.am-ը գրում է․

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այն  հայտարարությունը, թե ժողովուրդը վստահում է իրեն, ոչ ադեկվատ մարդու հերթական հայտարարություն է:

«Բայց եթե գալիս ենք այն հաստատմանը, թե այդ տողերի հեղինակը ՀՀ «վարչապետն» է, որը նոյեմբերի 9-ին այդ խայտառակ, ստորացուցիչ պայմանագրի ստորագրությամբ հայրենիքը ծախողն է, ես միանշանակ գալիս եմ այն եզրակացության, որ ոչ միայն ոչ ադեկվատ է, այլև հոգեկան խանգարմունքի մեջ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի համար երկրի զարկերակի չափման միավորը վաղուց իր ընտանիքն ու ֆեյսբուքյան կանաչ լույսն են. «Նիկոլ Փաշինյանը վաղուց ապրում է մի իրականության մեջ, որի հետ առնչություն չունի մի շարք առումներով, նախ, որովհետև Հայաստանում չկա իշխանություն: Ամսի 9-ին ինքը ոչ միայն սեփական իշխանության մահախոսականը ստորագրեց և դավաճանեց, ուրացավ մեր ազգային շահը, հայրենիքի մի մեծ մասը: 2.5 տարի շարունակ փոքրատառերով Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացրել է ՀՀ իշխանությունը: Այսօր մենք չունենք իշխանություն և Նիկոլ Փաշինյանի իշխանության կորստի մի արտահայտություն էր օրեր առաջ ժողովրդից իր ճողոպրումը: Նիկոլ Փաշինյանը անաբուռ է, նա վաղուց կապ չունի ժողովրդի, մեր ցավերի հետ, նա մեզ տարել է պարտության, 2.5 տարի ոչնչացրել է պետականության բոլոր ինստիտուտները, և այսօր մենք արձանագրում ենք պետականության կորուստ»:

Նա ընդգծեց. «Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ինքնասպանություն վաղուց է գործել, և դրա վերջակետը նոյեմբերի 9-ն էր, բայց կարող էր նաև ֆիզիկապես դիմել այդ զինանոցին, որովհետև ես դժվարանում եմ պատկերացնել ոչ միայն, թե մեր հողը ոնց է տանելու իրեն, այլև իր սեփական խղճին, ուսերին, մտքին, ճակատին դաջված ուրացողի կնիքով ինչպես է շարունակելու ապրել»:

Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձում հաստատել էր, որ պատերազմի օրերին իր կինը եղել է Արցախի ՊԲ հրամանատարական կետում՝ ընդգծելով, որ իր հանձնարարությամբ է Աննա Հակոբյանը գնացել այնտեղ՝ Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով: Այս առնչությամբ Լիլիթ Գալսյտանը հետևյալն ասաց. «Եթե Աննա Հակոբյանը բարոյական աջակցության ռեսուրսներ ունի իր էության մեջ, շատ լավ կլիներ, որ ինքը այցելեր հոսպիտալներ, հիվանդանոցներ, փախստականների կեցավայրեր, ես կհասկանայի և վերատեսության կենթարկեի իմ վերաբերմունքը Աննա Հակոբյանի նկատմամբ, իսկ իմ վերաբերմունքը նրա նկատմամբ վերջին 2.5 տարիներին հստակ էր: Նիկոլ Փաշինյանը չի հասկանում կամ չի պատկերացնում՝ ինչ է պետությունը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում