Երբ ասացի՝ ինչ պայմաններում են ապրում զինվորները, Փաշինյանն ասաց՝ «ուզում ես՝ երկտեղանի մահճակա՞լ տանենք» (Video)


13:15 , 28 նոյեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Երեկ հանդիպում ունեցանք Փաշինյանի հետ, երեսին ասացի՝ ոնց դուք Սերժ Սարգսյանի հետ հանդիպաման ժամանակ ասացիք, որ նա չի տիրապետում իրավիճակին, իր օգնականներն իրեն սխալ ինֆորմացիա են տալիս, Ձեր բառերը Ձեր դեմ եմ ուղղում: Այս մասին Կառավարության  դիմաց ժամկետային զինծառայողների ծնողների բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:

«Փաշինյանին ասացի՝ Դուք չեք տիրապետում, թե ինչ վիճակում են գտնվում հայ զինվորները Ղարաբաղում, Ձեր աշխատողները Ձեզ սխալ ինֆորմացիա են տալիս: Փաշինյանն ունակ է խոսքերը փոխել և իրավիճակը լպրծուն պատասխաններով լղոզել: Ասացինք՝ պահանջում ենք 18-20 տարեկան ժամկետային ծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածքում իրենց ծառայությունը շարունակելու, ուրիշ բան մեզ պետք չէ: Պաշտպանության նախարարությունը և Դուք՝ որպես գերագույն հրամանատար, մոռացել եք զինվորներին»,-ասաց նա՝ նշելով, թե զինվորն այժմ մոռացված է:

«Երբ նկարագրեցի՝ ինչ պայմաններում են ապրում զինվորները, Փաշինյանի պատասխաններից մեկը սա էր՝ ուզում ես՝ երկտեղանի մահճակա՞լ տանենք այնտեղ: Սա պատասխա՞ն է: Այս բառերից հետո գտնում եմ, որ մենք էլ վարչապետ չունենք: Հետո զգաց, որ հիմարություն է ասում, ներողություն խնդրեց, բայց ինչ է՝ մենք մահճակալի՞ խնդիր ենք դնում: Նրանց առողջությունը քայքայվում է, ամբողջ խնդիրն այն է, որ քնում են գետնին, դիակների կողքին: Մեզ փորձեց հավաստիացնել, որ կարճ ժամանակում կեցության հարցերը կլուծվեն: Ես ասացի՝ չեմ հավատում»,-ներկայացրեց ժամկետային զինծառայողի հայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ