«Նոյեմբերի 10-ին արդեն գիտեին, որ հինգ օր անց Քարվաճառը հանձնելու են թշնամուն՝ այրել էին տները ու դուրս եկել, մի մասն էլ դիրքերից իջած գյուղի տղամարդիկ էին այրել». Չարեքթարի գյուղապետ


21:33 , 27 նոյեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Նոյեմբերի 10-ին հրապարակված հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Արցախի մեծ մասը թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ, Քարվաճառի շրջանի Չարեքթար գյուղի բնակիչների մի մասն այրել էր սեփական աշխատանքով ստեղծած տունը՝ թշնամուն չթողնելու համար։

Բնակիչներին ասվել էր, որ մինչև նոյեմբերի 15-ը Քարվաճառը հանձնվելու է թշնամուն, և նրանք մինչ այդ պետք է լքեն իրենց տներն ու գյուղը։

168.am-ի հետ զրույցում Չարեքթար համայնքի ղեկավար Կամո Ցականյանն ասաց, որ մոտ 14 տուն բնակիչները վառել են ու լքել գյուղը, սակայն հետագայում պարզվել է, որ այն չի անցնելու թշնամու վերահսկողության տակ, քանի որ գյուղը ոչ թե Քարվաճառի վարչական շրջանում է ընդգրկված, այլ Մարտակերտի։

«Դե, բնակիչները նոյեմբերի 10-ին արդեն գիտեին, որ հինգ օր անց Քարվաճառը հանձնելու են թշնամուն, նրանք էլ այրել էին տներն ու դուրս եկել։ Պատերազմի սկսվելուց հետո գյուղի տղամարդիկ դիրքերում էին, նոյեմբերի 13-ին իջել էին ու իմացել, որ Քարվաճառը հանձնելու են, իրենց տների մի մասն էլ իրենք էին այրել։ Հիմա գյուղը հայտնվել է նման վատ վիճակում։ Այս պահին գյուղում մարդ չի ապրում, սեպտեմբերի 27-ին բնակիչներին՝ դե, ովքեր ցանկանում էին, տրանսպորտ եմ տրամադրել ու ուղարկել անվտանգ վայրեր, մենք էլ բարձրացել են դիրքեր, մինչև օրս բնակիչները դեռ չեն վերադարձել գյուղ»,- ասաց Կամո Ցականյան։

Նա տեղեկացրեց, որ երեկ է գյուղում եղել, իրավիճակը հանգիստ է, այսօր էլ գնացել է Եղեգնաձոր՝ բնակիչների մեծ մասն այստեղ է տեղափոխվել, պետք է հանդիպի նրանց հետ, հասկանա, թե ով է ցանկանում վերադառնալ Չարեքթար, որպեսզի տների հետ կապված հարցերը լուծի։

«Դե, մեր Կառավարությունն ու նախագահը խոսք են տվել, որ տները կսարքեն, բնակիչներն էլ կվերադառնան, կապրեն։ Այս պահին փաստացի գյուղում բնակվողների թիվը կազմում է 270 մարդ»,- հավելեց նա։

Նա նշեց, որ վստահ չի կարող ասել, որ իրենց կյանքը անվտանգ է լինելու, քանի որ գիտեն՝ ում հետ գործ ունեն և ով է թշնամին։

«Մեր գյուղը հայկական զինվորներն են հսկում, թշնամին մեզանից գրեթե 7 կմ հեռավորության վրա է։ Կարծում եմ՝ ով բնակվելու է, կգա գյուղ, ով էլ չէ՝ չէ։ Դե վտանգը, ինչպես միշտ կա, եթե խոսքը թուրքի մասին է, ինչպե՞ս կարող է վտանգ չլինել։ Բայց դե մի բան էլ ասեմ, ավելի լավ չէ՞ մարդիկ գան իրենց գյուղում մեռնեն, քան Երևանի փողոցներում ցրտից մեռնեն»,- եզրափակեց Կամո Ցականյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: