Աշխատանքի իմիտացիա ստեղծելն այս իրավիճակի համար համարում եմ հանցագործություն. Հակոբ Բաղդասարյան (Video)


20:11 , 27 նոյեմբեր, 2020

168.am-ը գրում է․

Համավարակ, պատերազմ, տնտեսական բացասական միտումներ, անշարժ գույքի շուկան առաջիններից է, որ արձագանքում է առկա իրավիճակին: Ոլորտի մասնագետներն արձանագրում են, որ համավարակի առաջին ալիքից հետո արդեն մեծացել էր ճնշումը շուկայի վրա՝ հանգեցնելով թե՛ գործարքների կրճատման, թե՛գների նվազման:

«Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանի կարծիքով, պետության արձագանքը իրավիճակին համարժեք չի եղել, իսկ արտակարգ դրությամբ պայմանավորված տարբեր ոլորտների գործունեության սառեցումը լուրջ հետևանքներ է առաջ բերել.

«Պարտադիր պետք է ոլորտ առ ոլորտ խորհրդակցություն տեղի ունենար, բոլոր լուծումներն առաջարկվեր, խորհրդակցվեր, ընդհանուր հայտարարի գային, նոր որոշեին՝ որ ոլորտն ինչ աստիճանով կարելի է կանգնեցնել, սառեցնել, որպեսզի և՛ կարողանայինք կաթվածահար չանել ամբողջ տնտեսությունը, և՛ կարողանայինք առողջական խնդիրներ չառաջացնել հասարակության մոտ: Շատ ոչ ճիշտ կազմակերպվեց այդ ամենը, և ունեցանք հետևանքները»:

Նա շեշտում է՝ նախաձեռնված օրենսդրական փոփոխություններն էլ հօգուտ ոլորտի չեն. «2021 թ.-ից սկսված՝ արդեն անշարժ գույք ունեցող մեր քաղաքացիների համար լրացուցիչ բեռ ու ծանրություն է ունենալու: Դա չի վերաբերելու միայն բնակֆոնդին, իսկ դա նշանակում է լրացուցիչ բեռ բիզնեսի վրա: Եթե հաշվի առնենք, որ հասարակությունն այն վճարունակ հասարակությունը չէ, այն էֆեկտիվ կառավարված բիզնեսը չէ, ապա արդեն կարող ենք սպասել հետևանքների: Իսկ քանի որ տնտեսությունը, ինչպես և օրգանիզմը, ամեն ինչ փոխկապակցված է, մի տեղի խնդիրները անդրադառնալու են օրգանիզմի բոլոր մնացած ճյուղերի մեխանիզմների վրա»:

Հիշեցնենք՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքը ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 1-ից:

Գործարարը համավարակի ու պատերազմի հետևանքով  տնտեսության խորացող խնդիրների լուծումը տեսնում է քաղաքական ու տնտեսական արմատական փոփոխությունների մեջ, օրենսդրական անհրաժեշտ լուծումների փաթեթով. «Մենք խորը տնտեսական խնդիրների մեջ ենք հիմա հայտնված, և այդ տնտեսական խնդիրների լուծումը՝ առանց քաղաքական լուծումների, անհնար է դիտարկել:

Որպես գործարար՝ ես բոլոր խնդիրների լուծումը տեսնում եմ օրենսդրական լուծումների մեջ, բայց վերջին տարիներին օրենսդրական լուծումները եթե տեսնում ենք, մեր օրենսդիրը ներկայացնողները, հիմնականում ոչինչ չասող օրենսդրական նախաձեռնություններն են ներկայացնում՝ տուգանքը 10 հազար դրամ, թե 15 հազար դրամ….:

Տնտեսական ռեֆորմը չկա, քաղաքաշինական ռեֆորմը չկա, մյուսը՝ չկա: Խորը մասնագիտական քայլեր են պետք, որտեղ պետք է ավտոմատացվի, թվայնացվի, որտեղ վստահության քվե լինի՝ կապված գնումների, թույլատրությունների, լիցենզիաների հետ»:

Անշարժ գույքի գործակալության նախագահը նշում է բիզնեսի հետ առողջ համագործակցության անհրաժեշտության և Սփյուռքի մեր հայրենակիցներին ՀՀ կառավարման համակարգ ներգրավվելու կարևորության մասին:

«Անգործունեությունը և աշխատանքի իմիտացիա ստեղծելը, զուտ թվաբանական մանիպուլյացիաներով, այս իրավիճակի համար համարում եմ հանցագործություն, որովհետև զարգացած երկրներում, որոնք ռեսուրս ունեն, որտեղ ոչինչ չանելով՝ կարելի է մի քսան տարի, ենթադրենք,  եղած ավտոմատ համակարգերի հաշվին ապրել, Հայաստանը չունի:

Հայաստանը, ինչպես չունևոր ընտանիքի զավակը, պարտավոր է գերազանց սովորել, որպեսզի անվճար անցնի, ինքը պարտավոր է, որովհետև չունի այն հնարավորությունը, որ վճարովի ծառայություններից օգտվի:  Նույնը Հայաստանի Հանրապետությանն է  վերաբերում. պարտավոր է մեր տարածաշրջանում լինել, այսպես ասած, գերազանցիկ»,- եզրափակեց Հակոբ Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում